Ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):
Ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերությանը: Այդպիսի պայմանագիրն առ ոչինչ է: Օրենքով կարող են նախատեսվել ապահովագրության պայմանագրի կնքման նկատմամբ այլ պահանջներ:
Ապահովագրության իրականացման դեպքում ապահովագրության պայմանագրի առկայությունը պարտադիր է: Ապահովագրության վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագրին, եթե այն պարունակում է ապահովագրության պայմանագրի` օրենքով սահմանված էական պահանջները:
Ապահովագրության պայմանագրի և (կամ) վկայագրի կորստի, վնասվածքի կամ ոչնչացման դեպքում ապահովագրողը պարտավոր է ապահովադրի դիմումով և վերջինիս տրամադրել պայմանագրի և (կամ) վկայագրի կրկնօրինակը:
Անձնական ապահովագրության պայմանագրով մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է մյուս կողմին (ապահովադրին) պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրավճարի) դիմաց միանվագ կամ պարբերաբար վճարել պայմանագրով պայմանավորված գումարը (ապահովագրական հատուցումը)` ապահովադրի կամ պայմանագրում նշված այլ քաղաքացու (ապահովագրված անձի) կյանքին կամ առողջությանը կամ աշխատունակությանը վնաս պատճառելու, նրա որոշակի տարիքի հասնելու կամ նրա կյանքում պայմանագրով նախատեսված այլ իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու դեպքերում:
Ապահովագրական հատուցում ստանալու իրավունք ունի շահառուն, այն անձը, ում oգտին պայմանագիրը կնքվել է:
Անձնական ապահովագրության պայմանագիրը կնքված է համարվում հoգուտ ապահովագրված անձի (շահառուի), եթե պայմանագրում այլ անձ նշված չէ որպես շահառու: Առանց ապահովագրված անձի գրավոր համաձայնության` ապահովագրված անձ չհանդիսացող ապահովադիրը կամ երրորդ անձն ամեն դեպքում շահառու լինել չի կարող: Ապահովագրված անձի գրավոր համաձայնության բացակայությամբ կնքված ապահովագրության պայմանագիրն առ ոչինչ է:
Ապահովագրված անձի մահվան դեպքում շահառուներ են ճանաչվում ապահովագրված անձի ժառանգները: Ապահովագրության պայմանագրով կարող են նախատեսվել ապահովագրված անձի մահվան դեպքում շահառու հանդիսացող այլ անձինք, եթե ապահովագրության պայմանագրով ապահովադիր է հանդիսանում ապահովագրված անձը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net