Օրենքը սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր կերակրողի մահվան դեպքում իրավունք ունեն ստանալ վնասի հատուցում:
Տուժողի (կերակրողի) մահվան դեպքում վնասի հատուցման իրավունք ունեն`
1) մահացողի խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք.
2) մահացածի մահվանից հետո ծնված նրա երեխան.
3) ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի անդամը` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է մահացածի խնամքի ներքո գտնվող նրա տասնչորս տարեկան չդարձած կամ թեկուզև նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով.
4) մահացածի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո հինգ տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք:
Մահացածի ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի այլ անդամը, որը չի աշխատում և զբաղված է մահացածի երեխաների, թոռների, եղբայրների ու քույրերի խնամքով և անաշխատունակ է դարձել խնամքի իրականացման ժամանակաշրջանում, այդ անձանց նկատմամբ խնամքի ավարտից հետո պահպանում է վնասի հատուցման իրավունքը:
Վնասը հատուցվում է`
1) անչափահասներին` մինչև տասնութ տարեկան դառնալը.
2) տասնութ տարեկանից բարձր տարիքի սովորողներին` մինչև ցերեկային ուսուցման ձևով ուսումնական հաստատություններում ուսման ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քսաներեք տարեկան դառնալը.
3) հիսունհինգ տարեկանից մեծ կանանց և վաթսուն տարեկանից մեծ տղամարդկանց` ցմահ.
4) հաշմանդամներին` հաշմանդամության ժամանակ.
5) ծնողներից մեկին, ամուսնուն կամ ընտանիքի այլ անդամին, որն զբաղված է մահացածի խնամքի տակ գտնվող նրա երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով` մինչև վերջիններիս տասնչորս տարեկան դառնալը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net