Քաղաքացիական իրավունքում գոյություն ունեն հայցային վաղեմության ժամկետներ, և եթե անձը բաց է թողնում այդ ժամկետները, այլևս զրկվում է դատարան հայց ներկայացնելու և իր խախտված իրավունքը վերականգնելու հնարավորությունից:
Քրեական իրավունքում ևս կան վաղեմության ժամկետներ:
Այսպես.
Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.
4) տասնհինգ տարի՝ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից:
Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: Տևող հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է արարքը դադարելու, իսկ շարունակվող հանցագործության դեպքում` վերջին արարքը կատարելու պահից:
Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:
Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից՝ քսան տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:
Վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից, ապա ցմահ ազատազրկում չի կիրառվում:
Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում: Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված:
Աղբյուրը` Իրավաբան.net