Փաստաբանի կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո փաստաբանների պալատի խորհուրդը կարող է փաստաբանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը, բացառությամբ լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացների.
4) տուգանք.
5) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում:
Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս փաստաբանների պալատի խորհուրդը հաշվի է առնում նաև խախտման հետևանքները, փաստաբանի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, փաստաբանին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելը կարող է կիրառվել նաև որպես լրացուցիչ տույժի միջոց մյուս տույժերից մեկի կիրառման հետ մեկտեղ:
Տուգանքի չափը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը, որը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը: Տուգանքը փաստաբանը վճարում է փաստաբանների պալատի բյուջե:
Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը փաստաբանների պալատի խորհուրդը կարող է նշանակել միայն դիտավորությամբ կատարված ակնհայտ կոպիտ կարգապահական խախտման դեպքում:
«Անձը, որի նկատմամբ արտոնագիրը դադարեցվել է որպես տույժ, իրավունք ունի վաղեմության ժամկետներն անցնելուց հետո ընդհանուր հիմունքներով դիմելու փաստաբանի արտոնագիր ստանալու համար:
Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր կարգապահական խախտում: Այդ դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկը վերստին սկսվում է նոր կարգապահական խախտման կատարման օրվանից»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net