Հայրության որոշման պետական գրանցումը

Հայրության որոշման պետական գրանցման հիմքերն են`
երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումը,

 

մոր մահվան, նրան անգործունակ ճանաչելու, մոր գտնվելու վայրը պարզելու անհնարիության, մորն անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, ինչպես նաև հայրության որոշման մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնության առկայության դեպքում երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի հոր դիմումը,

 

հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը:

 

Հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է երեխայի` ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ երեխայի ծննդի պետական գրանցման վայրի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը:

 

Եթե հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է հայրության որոշման մասին դիմումի ներկայացման օրվա դրությամբ չափահաս անձի նկատմամբ, ապա այդ դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվի չափահաս անձի` հայրության որոշման մասին գրավոր համաձայնությունը: Չափահաս անձի համաձայնությունը կարող է արտահայտված լինել առանձին դիմումով կամ հոր և մոր համատեղ դիմումում ստորագրելով: Նշված համաձայնության բացակայության դեպքում հայրությունը որոշվում է դատական կարգով:

 

Հայրության որոշման մասին կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա հայրության որոշման պետական գրանցումն իրականացվում է երեխայի հոր, մոր կամ այն խնամակալի /հոգաբարձուի/, որի խնամակալության կամ հոգաբարձության ներքո է գտնվում երեխան, ինչպես նաև չափահաս երեխայի գրավոր դիմումների հիման վրա: Հայրության որոշման պետական գրանցման մասին դիմումի հետ միաժամանակ ներկայացվում է հայրության որոշման կամ հայրության ճանաչման փաստի հաստատման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը /քաղվածքը/:

 

Հայրության ճանաչման համար գանձվում է պետական տուրք` 1000դրամ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել