ՀՀ օրենսդրությամբ հստակ ժամկետներ են սահմանված արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանման համար, որը համապատասխան սուբյեկտը պարտավոր է պահպանել իր մոտ և որից հետո միայն հանձնել համապատասխան պետական կամ համայնքային արխիվ: Նշվածը նպատակ է հետապնդում ապահովելու նշված փաստաթղթերի վերահսկելիությունը, փաստաթղթերի կորստյան դեպքում վերականգնման ապահովումը և քաղաքացիական հարաբերությունների կայունությունը:
«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանի խոսքով` «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը ժամանակավոր (մինչև պետական և համայնքային արխիվներ մշտական պահպանության հանձնելը) պահպանելու առավելագույն ժամկետներն են`
1) Հայաստանի Հանրապետության Նախագահի, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմինների, պետական կազմակերպությունների փաստաթղթերի համար – 10 տարի.
2) տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների փաստաթղթերի համար – 5 տարի.
3) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկված արխիվային փաստաթղթերի առանձին տեսակների`
– քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար – 100 տարի,
– նոտարական գործարքների գրանցումների համար – 10 տարի,
– անշարժ գույքի պետական կադաստր վարող մարմինների կադաստրային գործերի և գրանցման գրքերի համար – 100 տարի,
– տնտեսական գրքերի (ծխամատյանների) համար – 75 տարի,
– իրականացված կապիտալ շինարարության նախագծային փաստաթղթերի համար – 20 տարի,
– արտոնագրված տեխնոլոգիական և փորձարարակոնստրուկտորական փաստաթղթերի համար – 20 տարի,
– գիտահետազոտական և արտոնագրային փաստաթղթերի համար – 15 տարի,
– պետական աջակցությամբ ստեղծված կինո-, ֆոտոփաստաթղթերի համար – 5 տարի,
– պետական աջակցությամբ ստեղծված տեսա-, ֆոնոփաստաթղթերի համար – 3 տարի»:
Աղբյուրը` Իրավաբան.net