Քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին կամ իրավաբանական անձի գույքին` ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կառուցվածքային, բաղադրամասային կամ այլ թերությունների, ինչպես նաև ապրանքի, աշխատանքի, ծառայության մասին ոչ ճիշտ կամ ոչ բավականաչափ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման ապրանք վաճառողի կամ արտադրողի, աշխատանք կատարողի կամ ծառայություններ մատուցողի կողմից` անկախ նրանց մեղքից և նրանց հետ տուժողի պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու պարագայից:
Նշված կանոնները կիրառվում են միայն սպառողական, սակայն ոչ ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործման նպատակներով ապրանքներ ձեռք բերելու (աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատուցելու) դեպքերում:
Ապրանքի թերությունների հետևանքով պատճառված վնասը տուժողի ընտրությամբ ենթակա է հատուցման վաճառողի կամ ապրանք արտադրողի կողմից:
Աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման աշխատանք կատարած կամ ծառայություն մատուցած անձի (կատարողի) կողմից:
Ապրանքի (աշխատանքի, ծառայության) մասին լիակատար կամ հավաստի տեղեկատվություն չտրամադրելու հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման 1-ին և 2-րդ մասերում նշված անձանց կողմից:
Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե այն ծագել է ապրանքի (աշխատանքի, ծառայության) պիտանիության ժամկետի ընթացքում, իսկ եթե պիտանիության ժամկետ չի սահմանված` ապրանքը թողարկելու, աշխատանքը կատարելու կամ ծառայությունը մատուցելու օրվանից տասը տարվա ընթացքում:
Վնասը ենթակա է հատուցման անկախ դրա պատճառման ժամկետից, եթե`
1) օրենքի պահանջների խախտմամբ պիտանիության ժամկետ չի սահմանվել.
2) անձը, ում վաճառվել է ապրանքը, ում համար կատարվել է աշխատանքը կամ մատուցվել է ծառայությունը, չի նախազգուշացվել մինչև պիտանիության ժամկետի ավարտն անհրաժեշտ գործողությունների և նշված գործողությունները չկատարելու հնարավոր հետևանքների մասին:
Ապրանք վաճառողը կամ արտադրողը, աշխատանքներ կատարողը կամ ծառայություններ մատուցողն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքների, աշխատանքների, ծառայությունների օգտագործման կամ դրանց պահպանման համար սահմանված կանոնները խախտելու հետևանքով:
Աղբյուրը` Իրավաբան.net