Պայմանագրի` «կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով» եզրույթը չի կարող որևէ կերպ դիտարկվել կամ ընկալվել որպես վեճի լուծման կարգ. ՔՎԴ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ամփոփում է քաղաքացիաիրավական վեճերի լուծման արտադատական կարգի պահպանման` որպես դատարան դիմելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ պրակտիկան` ներկայացնելով այս առնչությամբ արտահայտած դիրքոարոշումները.

1. Վեճի լուծման կարգ չի կարող դիտարկվել նաև ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու հնարավորությունը, քանի որ դա ընդամենը կողմերին ընտրության հնարավորություն է տալիս դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին: Այլ կերպ ասած` ֆինանսական համակարգի հաշտարարը վեճը լուծող մարմին է, ում կարելի է դիմել այնպես ինչպես դատարան, ուստի ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու գործողությունը ինքնին չի հանդիսանում վեճի լուծման արտադատական կարգ (տե’ս թիվ ԱՐԱԴ/1462/02/18, ԱՐԱԴ/1633/02/18, ԱՐԱԴ/1465/02/18, ԱՐԱԴ/1635/02/18 քաղաքացիական գործերով կայացված որոշումները):

2. Քաղաքացիական դատավարությունում հայցադիմումի ընդունման հարցի քննության փուլում դատարանը չի կարող անդրադառնալ արբիտրաժային համաձայնությանը, դրանով իսկ հայցադիմումի ընդունելիության հարցի լուծումը կախման մեջ դնելով գործի նախապատրաստական փուլում ըստ էության լուծման ենթակա հարցից, սահմանափակելով Դատարանի մատչելիությունը` դատական պաշտպանության սահմանադրաիրավական միջոցը դարձնելով անարդյունավետ, ավելին` փաստի հաստատումը կամ հերքումը կարող է տեղի ունենալ դատաքննության փուլում` արդարության բոլոր պահանջների ու կողմերի իրավունքների պահպանմամբ, հակառակ դեպքում արդարացի դատաքննության իրավունքը կիմաստազրկվի (տե’ս թիվ ԱՐԱԴ/1377/02/18 քաղաքացիական գործով կայացված որոշումը):

3. Պայմանագրի` «կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով» եզրույթը չի կարող որևէ կերպ դիտարկվել կամ ընկալվել որպես վեճի լուծման կարգ, քանի որ բանակցույթունների միջոցով վեճը լուծելն ինքնին չի հանդիսանում վեճի լուծման արտադատական կարգ: Ավելին, քաղաքացիական դատավարությունում հայցադիմումի ընդունման հարցի քննության փուլում դատարանը չի կարող անդրադառնալ վեճը բանակցությունների միջոցով լուծելու հարցին, դրանով իսկ հայցադիմումի ընդունելիության հարցի լուծումը կախման մեջ դնելով գործի նախապատրաստական փուլում ըստ էության լուծման ենթակա հարցից, սահմանափակելով Դատարանի մատչելիությունը` դատական պաշտպանության սահմանադրաիրավական միջոցը դարձնելով անարդյունավետ, ավելին` փաստի հաստատումը կամ հերքումը կարող է տեղի ունենալ դատաքննության փուլում` արդարության բոլոր պահանջների ու կողմերի իրավունքների պահպանմամբ, հակառակ դեպքում` արդարացի դատաքննության իրավունքը կիմաստազրկվի (տե’ս թիվ ՏԴ1/0608/02/18 քաղաքացիական գործով կայացված որոշումը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել