Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Սիկզբ Մեդիա» ՍՊ ընկերության:
Դատական գործը քննվում է դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ դատարան ներկայացված հայցադիմումում հայցվորը նշել է, որ 1in.am լրավական կայքում և «Ժամանակ» օրաթերթում, որոնք պատկանում են «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին, հունիսի 7-ին հրապարակվել են հոդվածներ, որոնցում տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:
Հայցադիմումի հիմքում ընկած հոդվածները ներկայացված են ստորև.
- «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել»
- «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին»,
- «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան»,
- «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները»։
Իրավաբան.net-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկաայցուցիչ Անի Ալավերդյանը հայտնեց, որ գործով վճիռը կհրապարակվի 2019թ․ հունվարի 18-ին։
Փաստաբանի խոսքով, դեռևս առաջին դատական նիստին, կողմերը որոշեցին քննարկել հնարավոր հաշտության տարբերակը:
«Ես ձեռնամուխ եղա սեղմ ժամկետներում պատասխանող կողմին ներկայացնել հաշտության համաձայնագրի նախագիծը: Սակայն, պատասխանող կողմը որևէ կերպ չարձագանքեց և որևէ դիրքորոշում չներկայացրեց հաշտության համաձայնագրի նախագծի վերաբերյալ: Ավելին, պատասխանողի ներկայացուցիչն անգամ չէր ներկայանում նախնական դատական նիստերին և դատական նիստերը հետաձգելու վերաբերյալ որևէ միջնորդություն չէր ներկայացնում: Այդ կապակցությամբ դատարանը երկու անգամ հետաձգել է դատական նիստերը՝ հնարավորություն տալով պատասխանողին ներկայացնելու իր դիրքորոշումները, սակայն պատասխանող կողմը միայն ներկայացավ նիստերին դատաքննության փուլում»,-նշում է նա:
Անի Ալավերդյանի խոսքով, պատասխանողի ներկայացուցիչը արհեստականորեն փորձում է ձգձգել դատական գործընթացը, որի մասին վկայում է պատասխանողի կողմից ներկայացված միջնորդությունները. նախ դատական նիստը կասեցնելու, այնուհետև, դատարանին բացարկ հայտնելու և դատական նիստերը հետաձգելու վերաբերյալ:
Նշենք նաև, պատասխանող կողմի վրա էր դրված ապացուցման բեռը, սակայն, «Սկիզբ Մեդիա» ՍՊ ընկերությունը, որևէ ապացույց չի ներկայացրել դատական նիստի ընթացքում:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Սահակ Գագինյանը նշեց, որ բացարկի միջնորդության վերաբերյալ կարծիք չի ցանկանում հայտնել, քանի որ դատական նիստի ընթացքում արդեն իր կարծիքը հայտնել է. «Որոշումը չբողոքարկվող որոշում է, սակայն հետաձգված բողոքարկման գործընթաց կա: Որոշումը կարելի է բողոքարկել վերջնական դատական ակտի հետ միասին»:
Գագինյանը նշեց, որ պատասխանող կողմը ապացույցներ չի ներկայացնել և դրա վերաբերյալ հիմնավորումը տրված է Հատուկ քննչական ծառայության պատասխանում:
«Այնտեղ լուրջ իրավական հիմնավորումներ կան, թե ինչու ապացույցներ ներկայացված չեն: Դա կապված է և՛ լրագրողական աղբյուրի բացահայտման, և՛ լրատվամիջոցի իրավաչափ գործելու հետ: Լրատվամիջոցը կարող է որոշակի չափազանցություն ներկայացնել, ինչի արդյունքում կարող է ճշմարտությունը բացահայտվել ու դրա վերաբերյալ ՄԻԵԴ-ը բազմաթիվ դատական ակտեր ունի կայացրած, որոնք Հայաստանի նախադեպային իրավունքում կիրառելի են»,-նշեց Գագինյանը:
Այժմ ավարտվել է դատաքննության փուլը և դատավորը խորհրդակցական սենյակում է: