Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դեկտեմբերի 14-ին կայացավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (1in.am և «Ժամանակ» օրաթերթ) գործով դատական նիստը:
Դատական գործը քննվում է դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ դատարան ներկայացված հայցադիմումում հայցվորը նշել է, որ 1in.am լրավական կայքում և «Ժամանակ» օրաթերթում, որոնք պատկանում են «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին, հունիսի 7-ին հրապարակվել են հոդվածներ, որոնցում տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:
Հայցադիմումի հիմքում ընկած հոդվածները ներկայացված են ստորև.
- «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել»
- «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին»,
- «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան»,
- «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները»։
«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սահակ Գագինյանը նիստի սկզբում հայտնեց, որ դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու համար, թե 2018 թվականի հունիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանը գտնվել է Երևանում, թե՝ ոչ:
«2018 թվականի հունիսի 18-ին կա լիազորագիր, որը տրամադրվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից, քաղաք Երևանում: Սակայն իմ ձեռքի տակ կա ապացույց, որը մոտավոր ապացույց է, որ նա երկրում չի եղել այդ պահին: Ես ունեմ ԶԼՄ-ի հրապարակում, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ: Հրապարակումը արվել է հուլիսի 3-ին, այդ հայտարարությունը տարածել է Վիկտոր Սողոմոնյանը, որ նա ՀՀ տարածքում չէ, ես ենթադրում եմ, որ հունիսի 18-ին նույնպես ՀՀ տարածքում չի եղել»,- նշեց Գագինյանը:
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը նշեց՝ հնարավոր է, որ լիազորագիրը ստորագրվել է Երևան քաղաքում, սակայն սխալմամբ մնացել է իր վստահորդի մոտ:
«Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, նա այդ ժամանակ երկրից դուրս է եղել, թե երկրում, այնուհետև նա այդ լիազորագիրը փոխանցել է իր վստահված անձին, որն էլ այդ լիազորագիրը փոխանցել է ինձ, բայց լիազորագիրը ստորագրվել է Երևանում»,-նշեց նա և հավելեց՝ քանի որ դատական գործը անցել է դատաքննության փուլ, հետևաբար գտնում է, որ այս միջնորդությունը չպետք է քննության առնվի. «Մյուս կողմը բաց է թողել 3 նախնական դատական նիստ, որոնց ընթացքում հնարավորություն ուներ միջնորդություններ ներկայացնելու: Լիազորագրին պատասխանող կողմը ծանոթ է եղել սեպտեմբեր ամսից և ուներ բավականաչափ ժամանակ լիազորագրի հետ կապված իր դիրքորոշումը ներկայացնելու համար»:
Սահակ Գագինյանը նշեց, որ քաղաքացիական դատավարական օրենսգիրքը չի արգելում դատաքննության փուլում միջնորդություն ներկայացնել և ապացույց պահանջել: Դատարանը միջնորդությունը մերժեց:
Սահակ Գագինյանը իր հերթին խնդրեց արձանագրել, որ դատարանը խախտել է պատասխանող կողմի մրցակցության սկզբունքը՝ հաշվի առնելով այն փաստը, որ հայցվորը լիարժեք օգտվել է իր փաստերը ներկայացնելու իրավունքից, իսկ պատասխանողին դատարանը անգամ 1 ապացույց ներկայացնելու հնարավորությունից զրկում է:
Հայտարարությունից հետո Գագինյանը նշեց, որ ևս մեկ միջնորդություն ունի ներկայացնելու, սակայն դրանից առաջ խնդրեց դատարանին ներկայացնել, թե վարույթը կասեցնելու վերաբերյալ նախկինում ներկայացված իր միջնորդության մասով դատարանը ինչ որոշում է կայացրել, որովհետև որոշման բովանդակությունն իր համար «հստակ չի եղել» նիստի արձանագրություններից և որոշումից:
Նախագահող դատավոր Սարգիս Երիցյանը նշեց, որ դատավորի էթիկայի կանոնները թույլ չեն տալիս նրան որոշումը մեկնաբանել կամ պատճառաբանել. «Ընդամենը Ձեզ բանավոր հայտնեմ, որ միջնորդության ո՛չ մերժման, ո՛չ բավարարման ակտ դատարանի կողմից չի կայացվել: Դատարանը Ձեր ներկայացրած միջնորդությունը չի քննարկել և դատարանը պատճառաբանել է, թե ինչու չի քննարկում: Դատարանը չէր լսել Ձեր առարկությունները, Ձեր փաստարկները միջնորդության վերաբերյալ և որոշում կայացրեց, որպեսզի այն չքննարկվի: Միանշանակ պահպանվել է կասեցման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու Ձեր իրավունքը»:
Վարույթը կասեցնելու մասին իր միջնորդությունը Սահակ Գագինյանը պնդեց: Մեջբերելով քաղաքացիական օրենգրքի համապատասխան հոդվածը՝ Գագինյանը նշեց, որ այն հրապարակումները, որոնց վերաբերյալ հայցվորը հայցադիմում է ներկայացրել դատարան, փաստի տվյալները ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում՝ վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքերի վերաբերյալ կատարած արտահայտություններում կամ ներկայացված ապացույցներում:
««Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն լրատվամիջոց է և իր իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ի դեմս 1in.am լրատվականի և «Ժամանակ» օրաթերթի, դիմել է ՀՔԾ` մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում տեղեկատվություն ստանալու համար՝ անելով հայցադիմումի մեջ նշված փաստերի վերաբերյալ հարցադրումներ: Քանի որ այն լրատվամիջոց է, հետևաբար, չի կարող հրապարակել հայցադիմումի մեջ նշված հոդվածների տեղեկատվության աղբյուրը, հաշվի առնելով նաև այդ տեղեկատվության նախաքննական գաղտնիք հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքը: Լրատվամիջոցի կողմից նշվել են հետևյալ հարցադրումները.
- ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ դատավարական կարգավիճակով է ներգրավված վերոնշյալ քրեական գործի շրջանակներում,
- Արդյո՞ք վերոնշյալ գործի շրջանակներում հարցաքննվել են նախկինում ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Գրիգորյանը և ինչ դատավարական կարգավիճակով,
- Ի՞նչ փուլում է գտնվում վերոնշյալ քրեական գործը,
- Եթե հարցաքննվել է Գրիգոր Գրիգորյանը, ապա հնարավո՞ր է արդյոք վերոնշյալ քրեական գործից տրամադրել նրա հարցաքննության արձանագրության բովանդակությունը՝ մինչև վերոնշյալ գործով եզրափակիչ ակտ կայացնելը»,-նշեց Գագինյանը:
ՀՔԾ-ն պատասխանել է, որ նշված հարցերին չի կարող պատասխանել, քանի որ նշված տվյալների հրապարկումը կարող է խոչընդոտել քննությանը:
Գագինյանը նշեց, որ հրապարակումների վերաբերյալ լրագրողը փաստեր չի ներկայացրել և պարտավոր էլ չէ ներկայացնել: Պատասխանող կողմը գտնում է, որ հրապարակման մեջ նշված հանգամանքները կարող են բացահայտվել հրապարակային դատաքննության ժամանակ, նախաքննության ավարտից հետո՝ Մարտի 1-ի գործով եզրափակիչ դատական ակտի կայացումից հետո:
«Այս դեպքում լրատվամիջոցը աղբյուր բացահայտելու խնդիր չի ունենա: Այդ տեղեկատվությունը կլինի բացահայտ, և ըստ այդմ, դատարանը կգնահատի՝ դրանք զրպարտություն համարել, թե՝ ոչ»,-նշեց նա:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ վարույթը կասեցնելու մասին ներկայացված միջնորդության վերաբերյալ: Նա նախ նշեց, որ ՀՔԾ-ին արված հարցումը փաստաբանական չէ, այն ուղարկվել է 1in.am և «Ժամանակ» օրեթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի անունից:
«Զարամանլի չէ, թե ինչու քննչական ծառայությունը որևէ ինֆորմացիա չի տրամադրել 1in.am լրատվականին: Մյուս կողմին ես կցանկանայի հարց ուղղել: Արման Բաբաջանյանը, փաստորեն, հանդիսանում է 1in.am և «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը: Նշեմ, որ «Ժամանակ» օրաթերթը հերքում էր տարածել «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» հրապարակման վերաբերյալ: Ինչպես է ստացվում, որ «Ժամանակը» ինֆորմացիան հերքում է՝ ցույց տալով, որ դա զրպարտություն է, իսկ 1in.am կայքը հերքում չի կատարում»,- նշեց Անի Ալավերդյանը:
Անդրադառնալով վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությանը՝ նա նշեց, որ պատասխանողը, միջնորդելով կասեցնել նշված քաղաքացիական գործի վարույթը, չի հիմնավորել, թե ինչով է այս գործի քննությունը կապված, այս դեպքում Մարտի 1-ի գործի հետ: Նշեց նաև, որ պատասխանողի ներկայացուցիչը ՀՔԾ-ին է ներկայացրել այնպիսի հարցադրումներ, որ եթե անգամ դրանց պատասխանները տրվեին, մինևնույն է, դրանք չէին կարող հիմք հանդիսանալ նշված քաղաքացիական գործի կասեցման համար
«Պատասխանողը իր միջնորդության մեջ անդրադառնում է միայն 2018 թվականի հուլիսի 26-ին քրեական օրենգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործին՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի վերաբերյալ: Սակայն հայցի հիմքում դրված չէ միայն Մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում մատնանշված դեպքերի վերաբերյալ հրապարակված հոդվածները, այլ նաև 2018 թվականի հունիսի 23-ին և 24-ին հրապարակված տեղեկությունները»,-նշեց փաստաբանը:
Դատարանը մինչև միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակումը հարցադրումներ արեց պատասխանող կողմի ներկայացուցչին: Նա նշեց, որ հոդվածագիրը անդրադարձել է ոչ միայն Մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններին, այլ նաև դրանից հետո տեղի ունեցածներին:
«Այստեղ նաև հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների վերաբերյալ փաստարկներ են ներկայացված հնարավոր կազմակերպիչների վերաբերյալ ինչ-որ վերլուծություններ են կատարված: Չե՞ք կարծում, որ եթե հրապարակումներից 1-ը վերաբերում է Մարտի 1-ի իրադարձություններին, իսկ մյուս 3-ը՝ ոչ, ապա կասեցումը խախտում է հայցվորի մրցակցության սկզբունքը, և այլ իրավունքներ»,- նշեց Սարգիս Երիցյանի, որի հարցին ի պատասխան Սահակ Գագինյանը նշեց, որ այդ իրավունքը կողմից չի խլվելու և հնարավոր է, որ քրեական գործով դատավճիռը լինի մոտ ապագայում:
Դատավոր Երիցյանը նշեց նաև, որ այս գործը վերաբերում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական կարգը տապալելուն, այլ նաև վերաբերում է Մարտի 1-ի և 2-ի դեպքերին. «Որքանո՞վ եք ճիշտ համարում, որ շաղկապենք այս գործը նշված քրեական գործին»:
Գագինյանը նշեց, որ եթե մի գործով մի քանի մեղադրյալներ կան և դատարանի նշած հանգամանքը ոչ մի կերպ չի խանգարում:
Դատարանը որոշեց միջնորդությունը մերժել: Որոշման հրապարակումից հետո Սահակ Գագինյանը հայտարարեց, որ բացարկի միջնորդություն է ներկայացնելու նախագահող դատավորին և խնդրեց պարզաբանել, թե նա ինչ կապ ունի ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի հետ, որը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք նշանակվել էր նրա խորհրդական:
«Ես հասկացա, թե Դուք ուր եք տանում: Այո, իմ հայրը՝ Սերգո Սարգսի Երիցյանը, 2006-2008 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը: Բոլոր քաղաքական իրադարձություններում մասնակցություն ունեցել է՝ սկսած արցախյան շարժումից: ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահների և բոլոր քաղաքական ուժերի հետ ունի լավ հարաբերություններ: Ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ևս ունի ջերմ հարաբերություններ, ժամանակին եղել է ընտրությունների ժամանակ նրա վստահված անձը: Հուսով եմ սպառիչ պատասխանեցի»,- նշեց Սարգիս Երիցյանը:
Սահակ Գագինյանը ժամանակ խնդրեց բացարկի միջնորդությունը գրավոր ներկայացնելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 17-ին:
Եվգենյա Համբարձումյան