Պրոբացիայի ծառայությունը և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրեցին Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:

Նավասարդյանը նշեց, որ, ըստ էության, սա համագործակցության հուշագիր է Պրոբացիայի ծառայության և հասարակական կազմակերպությունների միջև:

«Այսպիսով ավելի հեշտ կլինի Պրոբացիայի ծառայությանն աջակցելը և ավելի արդյունավետ իրականացնել կառույցի առջև դրված խնդիրները: Մեր գերատեսչությունը դեռևս կայացման փուլում է, և քաղհասարակության աջակցությունը մեզ համար շատ կարևոր է»,- ասաց Արսեն Նավասարդյանը:

Նա հույս հայտնեց, որ այս համագործակցությունը ևս մեկ քայլ է՝ նպաստելու ծառայության կայացմանն ու զարգացմանը:

Արտակ Կիրակոսյանը շեշտեց, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ստեղծվել է 2018 թվականի ամռանը և  արդեն իսկ իր մեջ ներառում է մոտ 10 հասարակական կազմակերպություն:

«Մեր ցանցում ներգրավված են բոլոր այն կազմակերպությունները, որոնք դեր ունեն պրոբացիայի կայացման հարցում: Կարծում եմ, որ Պրոբացիայի ծառայությունը պետք է համայնքահեն կառույց լինի՝ տեղական ինքնակառավարման մակարդակից մինչև սոցիալական ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ»,- ասաց Ցանցի կառավարման խորհրդի նախագահը:

Կիրակոսյանն ընդգծեց, որ մինչ հուշագրի ստորագրումը նույնպես եղել է աջակցություն՝ փորձագիտական օգնություն, նյութատեխնիկական աջակցություն, դասընթացներ, սակայն բացի այս ամենից առաջիկայում կներդրվի նաև մշտադիտարկման համակարգ:

«Մշտադիտարկումը երկու նպատակ ունի՝ հանրությանը ցույց տալ, թե ինչ գործունեություն է ծավալում Պրոբացիայի ծառայությունը և տեղական կազմակերպություններին ներգրավել գործառույթների կայացման գործընթացներում: Այդպիսով հնարավոր կլինի հասկանալ, թե շահառուներն ինչ կարիքներ ունեն և ինչով կարող են օգնել իրենց»,- նշեց Կիրակոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել