Կաշառքի քրեաիրավական և կրիմինալիստիկական բնութագիրը

Կոռուպցիայի դեմ պայքարը համարելով առաջնային խնդիր` ՀՀ իրավապահ մարմինները նկատելիորեն ակտիվացրել են աշխատանքներն այս ոլորտում: Կաշառք ստանալը, տալը և կաշառքի միջնորդությունը բավականին տարածված հանցագործություններ են: Դրանք հիմնականում կատարվում են տարբեր ծառայողական օղակներում, հատկապես որոնց գործունեությունը կապված է որոշակի իրավունքների սահմանման, դրանք հաստատող տարբեր փաստաթղթերի տրամադրման, համապատասխան թույլտվություններ ստանալու կամ բնակչությանը տարբեր տեսակի ծառայություններ մատուցելու հետ:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 311-313-րդ հոդվածները համապատասխանաբար պատասխանատվություն են նախատեսում կաշառք տալու, ստանալու, ինչպես նաև կաշառքի միջնորդության համար:

 

Կաշառքի մասին հաղորդում տվողներ կարող են լինել կաշառք տվողը, ումից կաշառք են շորթել, պաշտոնատար անձինք, որոնց կաշառք են առաջարկել, ինչպես նաև այն քաղաքացիները, ովքեր իրազեկ են կաշառքի մասին: Հանցագործության մասնակից չհանդիսացող հաղորդում տվող անձից պահանջվում է պարզաբանել հանցագործության մասին իրեն հայտնի բոլոր տեղեկությունները: Եթե հնարավոր է, հաղորդում տվողից պետք է պարզել տրված դրամի համարանիշները: Եթե կաշառքի առարկան որոշակի իր է, ապա պետք է պարզել վերջինիս հատկանիշները:

 

Մեծ նշանակություն ունի կաշառքի սուբյեկտների ձերբակալումը հանցանքի կատարման պահին: Այս դեպքում քննություն իրականացնող մարմինը հնարավորություն է ունենում առգրավել կաշառքի առարկան: Բացի դրանից, հանցագործության պահին ձերբակալվելուց հետո հանցագործներն ստիպված են լինում ընդունել ոչ միայն այս հանցագործությունը, այլ նաև բացահայտում են իրենց կողմից կատարված այլ հանցանքներ:

 

Կաշառքի բացահայտման համար մեծ նշանակություն կարող է ունենալ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացված մարմնի կողմից նկարահանված լուսանկարները, որոնցով ընդգծվում է կաշառք տվողի և կաշառք վերցնողի կամ միջնորդի հանդիպումը, կաշառքի առարկայի փոխանցման պահը և այլն:

 

Կաշառքի առարկան հաճախ թաքնված է լինում գաղտնարաններում, տարբեր թղթերի, փաստաթղթերի մեջ և այլ տեղերում, ուստի պետք է կատարվի մանրակրկիտ խուզարկություն: Աշխատավայրի խուզարկություն կատարվում է հայտնաբերելու համար այնպիսի փաստաթղթեր, որոնք հաստատում են պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի օգտին իր պաշտոնական դիրքից օգտվելով որոշակի գործողություններ կատարելու կամ ձեռնպահ մնալու փաստը: Աշխատավայրում փաստաթղթերի զննումը և անհրաժեշտության դեպքում դրանց առգրավումն իրականացվում է կաշառք վերցնողի գործողությունների էությունը պարզելու նպատակով: Ինչպես նաև, այդ նպատակով իրականացվում են բանկային հաշիվների որոնումներ, մեղադրյալի և նրա ընտանիքի անդամների ունեցվածքի գնահատում, ընտանիքի սովորական ծախսերի պարզում: Մի շարք սուբյեկտներ թաքցնում են իրենց իրական ծախսերը` սեփական գումարները ներդնելով գաղտնի գործարքների մեջ` այլ անձանց անունով գույք ձեռք բերելով:

 

Կաշառքի քննության ժամանակ առավել հաճախ նշանակվող փորձաքննություններից են` դատաձեռագրաբանական, փստաթղթերի տեխնիկակրմինալիստիկական փորձաքննությունները, ինչպես նաև դատահետքաբանական, դատահաշվապահական, դատաապրանքագիտական, նյութագիտական և այլն:

 

Կաշառքի քննության բարդ խնդիրներից մեկը հանցագործության դրվագների և անդամների բացահայտումն է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել