ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 22-ամյա աղջկա առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1994 թվականին, բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել է 1996 թվականին ծնված իր նախկին հարսնացուին:
Նախնական քննության տվյալներով՝ 24-ամյա երիտասարդը 2017թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, կանգառում մոտեցել է իր նախկին նշանածին և վերջինիս կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերից քաշելով՝ նստեցրել է տաքսի ավտոմեքենա և տարել Արագածոտնի մարզ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1994 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: