Ս. Զատիկյանի սպանության դեպքի առթիվ 2006թ. հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Ս. Հակոբյանի կողմից Ս. Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մասով քննությունը: Նրա վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ, քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ ուղարկել դատարան։ Հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս. Հակոբյանը, Ս. Զատիկյանի հետ նախկինում ունեցած վիճաբանության պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, նախնական համաձայնության գալով Ն. Խաչատրյանի հետ, Ա. Առուշանյանին նյութապես շահագրգռելով պատվիրել է սպանել Ս. Զատիկյանին:
Ա. Առուշանյանը 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում, «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակել է Սեդրակ Զատիկյանի վարած ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով մեքենայի ղեկի մոտ նստած Ս. Զատիկյանը եւ պատահական անցորդ Կարինե Սարգսյանը տեղում մահացել են:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Ս. Հակոբյանը ապօրինի կերպով ձեռք է բերել եւ պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են նրա տան խուզարկությամբ:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Ս. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իարավասության առաջին ատյանի դատարան:
Նշենք, որ Ա. Առուշանյանի, Ա. Հովհաննիսյանի եւ Լ. Ղեւոնդյանի մասով գործը դատարան է ուղարկվել տարիներ առաջ եւ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դեռեւս 2007 թվականի դատավճռով Ա. Առուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Հովհաննիսյանը եւ Լ. Ղեւոնդյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով:
Ս. Հակոբյանի եւ Ն. Խաչատրյանի նկատմամբ 2007 թվականին հայտարարվել էր հետախուզում։ Ս. Հակոբյանը հայտնաբերվել է 2011 թվականի դեկտեմբերի 14-ին, իսկ Ն.Խաչատրյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է։
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի նեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net