Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղջկա ընկերոջ սպանության գործն ուղարկվել է դատարան

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Կ. Եսայանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Հայտնում են դատախազությունից:

 

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Հ. Սարգսյանը, ով համակրել է Գյումրու քաղաքապետ Վ. Ղուկասյանի դստերը` Մ. Ղուկասյանին, եւ ցանկացել է ամուսնանալ նրա հետ, տեղեկացել է, որ Մ. Ղուկասյանը պատրաստվում է ամուսնանալ այլ անձի հետ:

 

Իմանալով, որ 2012թ. ապրիլի 12-ին պետք է տեղի ունենա Մ. Ղուկասյանի եւ Կ. Եսայանի նշանադրությունը` Հ. Սարգսյանը որոշել է վրեժխնդիր լինել` Կ. Եսայանին սպանելու եւ նշանադրության արարողությունը խափանելու միջոցով:

 

Մասնավորապես` 2012թ. ապրիլի 12-ին Կ. Եսայանի հետ պայմանավորվել է հանդիպել «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող ամայի տարածքում, որտեղ էլ Հ. Սարգսյանը 16 տրամաչափի ողորկափող հրազենից կրակել է Կ. Եսայանին, ով ստացած վնասվածքից մահացել է:

 

Կատարած հանցագործության հետքերը թաքցնելու եւ իր համար այլուրեքություն ստեղծելու նպատակով Հ. Սարգսյանը փոխել է ավտոմեքենայի արտասահմանյան համարանիշը և ուղեւորվել Բավրա: Հատելով ՀՀ սահմանը` մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից էլ 3 ժամ անց վերադարձել Գյումրի:

 

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Հ. Սարգսյանը 2011թ. ընթացքում առանց պետական գրանցման իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, այն է` ներմուծել եւ իրացրել է ավտոմեքենաներ, որի արդյունքում ստացված համաախռն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել:

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 188-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի նեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել