Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցել են, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացված 461 հեռախոսազանգերի գերակշիռ մասը (61 զանգ) վերաբերել է թափառող կենդանիների խնդրին: Քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է հարցին՝ նշելով, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ կհայտարարվի, որին կներկայացվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող պահանջներ:
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ նորմերի պահպանման նպատակով մայրաքաղաքում գույքագրում է տեղի ունենում: Քաղաքապետը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ և վերանայել շինհրապարակի կազմակերպման նորմերը:
Խորհրդակցության ընթացքում տրվել են նաև հանձնարարականներ՝ գալիք տոնական օրերին համապատասխան ոլորտների և ծառայությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու վերաբերյալ: Մասնավորապես հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը՝ Հայկ Մարությանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը: Կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով քաղաքապետը համակարգող պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, սերտորեն համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ, հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրները:
Բացի այդ, կոմունալ ծառայություններին, վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է ապահովել աղբահանության պատշաճ կազմակերպումը: Առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին ևս հանձնարարվել է ապահովել օպերատիվ հերթապահություն և ուժեղացնել հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններում: Հանձնարարվել է հերթապահություն սահմանել նաև կրթամշակութային և մարզական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով: Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, «Երքաղլույս» ընկերությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է սահմանել հսկողություն և հերթապահություն տոնական օրերին մայրաքաղաքի տոնական ձևավորման նկատմամբ՝ վթարների դեպքում օպերատիվ արձագանքելու նպատակով:
Հանձնարարվել է նաև հատուկ հսկողություն սահմանել նաև «Թեժ գիծ» ծառայությամբ տոնական օրերին ստացվող քաղաքացիների հարցերին արագ արձագանքելու ուղղությամբ: