55 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ստացվել է 55 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 8-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 1-ական՝ Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերում: Եվս 6 նյութ, կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ, ստացվել է Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 51-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային քննչական բաժիններում ստացված 6 նյութերն էլ վերաբերում են կրկնաքվեարկության փորձին: Մասնավորապես՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողները, տարբեր ընտրատեղամասերում մասնակցելով քվեարկությանը, սխալմամբ իրենց քվեարկության համարի փոխարեն գրանցման սարքի սպասարկման աշխատակցին հայտնել են այլ համար, որի պատճառով մատնահետքի սարքը տպել է կրկնակի քվեարկության փորձ թերթիկը:

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել