Քվեարկության գաղտնիությունը իրավու՞նք, թե՞ պարտականություն

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

 

«Գաղտնի քվեարկության գլխավոր պահանջը ընտրողի կամարտահայտության նկատմամբ հսկողության բացառումն է: Գաղտնի քվեարկության սկզբունքը նշանակում է, որ ոչ ոք, բացի ընտրողից, իրավունք չունի տեղեկանալ ընտրողի կամարտահայտության բովանդակության վերաբերյալ և ոչ ոք իրավունք չունի ճնշում գործադրել ընտրողի կամարտահայտության վրա»,-հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

ՀՀ Ընտրական օրենսգիրքը քվեարկության գաղտնիությունը սահմանում է որպես ընտրողի ոչ միայն իրավունք, այլև պարտականություն: Ըստ նշված օրենքի՝ «Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է»:

 

ՀՀ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտման համար, սակայն ոչ ընտրողի կողմից իր քվեարկության արդյունքի մասին կամավոր հայտնելու համար:

 

ՀՀ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով»:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել