Եկամտային հարկ վճարողներին եկամուտներ հաշվարկելիս եկամտային հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը, բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ անունից կնքված և վավերացված պայմանագրերով ՀՀ-ում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ եկամտային հարկի պահումից:
Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում` անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և ՀՀ ու համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը:
Որպես կանոն հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է հետևյալ դրույքաչափերով.
Ամսական հարկվող եկամտի չափը | Հարկի գումարը |
Մինչեւ 120000 դրամ | Հարկվող եկամտի 24.4 տոկոսը |
120000 դրամից ավելի | 29.280 դրամին գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը |
Հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
Տարեկան հարկվող եկամտի չափը | Հարկի գումարը |
Մինչև 1.440.000 դրամ | Հարկվող եկամտի 24.4 տոկոսը |
1.440.000 դրամից ավելի | 351.360 դրամին գումարած 1.440.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը |
Եկամտային հարկի հաշվարկման բացառությունները սահմանված են Եկամտային հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածով:
Աղբյուրը` Իրավաբան.net