Որպես կանոն, գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է`
1) ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում նշված դեպքերում.
2)կողմերից որևէ մեկի պահանջով, թեկուզ և օրենքով տվյալ տեսակի գործարքների համար այդ ձևը չի պահանջվում:
Սահմանված նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հետևյալ պայմանագրերի վրա՝ հողամասի կառուցապատման, կամավոր սերվիտուտի, բնակելի տարածության օգտագործման, հիփոթեքի, անշարժ գույքի վաճառքի, ռենտայի, անշարժ գույքի նվիրատվության, անշարժ գույքի վարձակալության, շենքի կամ շինության վարձակալության, բնակելի տարածության վարձակալության, անշարժ գույքի լիզինգի, անշարժ գույքի անհատույց օգտագործման կամ անշարժ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրերի, ինչպես նաև անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի վրա:
«Վերը նշված գործարքների վրա նոտարական պարտադիր վավերացման պահանջը չի տարածվի միայն այն պարագայում, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով»,-Իրավաբան.net-ի հետ զրույցի ընթացքում տեղեկացրեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» փաստաբան Արփինե Եղիկյանը:
Վերը թվարկված պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմանների համապատասխանությունը հաստատվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Աղբյուրը՝Իրավաբան.net