Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է դատարանի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, դատարանների նախագահներ և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Հայտնում են Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերիի ծառայությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, շնորհավորելով դատավորներին և աշխատակազմին նորակառույց շենքի բացման կապակցությամբ, նշեց, որ շենքը հարմարավետ է, համապատասխանում է միջազգային չափանիշներին: Արման Մկրտումյանն իր խոսքում նշեց, որ անկախ դատական համակարգի կայացման խնդիրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ամենօրյա ուշադրության և հոգատարության ներքո: Դրանով է պայմանավորված այն, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում ահռելի ֆինանսական միջոցներ են հատկացվում դատարանների շենքերի կառուցմանը:
Իր խոսքում վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նաև նշեց` «Այսօր մենք կատարեցինք ևս մեկ քայլ անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին: Բոլորիս երազանքն է ունենալ լիարժեք անկախ դատական իշխանություն»:
Նորակառույց շենքը համապատասխանում է դատարանների անվտանգության և նախագծման միջազգային ժամանակակից չափանիշներին: Բաժանված է անվտանգության երեք գոտիների: Բաց գոտին նախատեսված է հասարակության համար, ներառում է կենտրոնական մուտքը, գրասենյակը, դատական դահլիճները, սպասարկման տարածքները: Փակ գոտին` դատավորների և դատարանների աշխատակազմերի համար: Արգելված գոտին առանձնացված է դատական նիստից առաջ և հետո շենքում ժամանակավորապես պահվող կալանավորված անձանց պահելու համար:
Լուսանկարը՝ dataran.am-ի
Աղբյուրը՝ Իրավաբան.net