Նոտարն իր աշխատանքային գործունեության ընթացքում տեղեկանում է քաղաքացիների կյանքին վերաբերող զանազան տեղեկութունների:
Նոտարը պարտավոր է գաղտնի պահել իր կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերից բխող իրեն հայտնի դարձած տեղեկությունները: Այդ պարտականությունը պահպանվում է նաև նոտարի` աշխատանքից ազատվելուց հետո:
Անձը, որի համաձայնությամբ կամ որի նկատմամբ կատարվել է նոտարական գործողությունը, ինչպես նաև նրա իրավահաջորդը կամ ներկայացուցիչն իրենց գրավոր համաձայնությամբ կարող են նոտարին ազատել նոտարական գործողությունների կատարման գաղտնիքը պահպանելու պարտականությունից: Նշված անձանց մահից հետո, նրա իրավահաջորդի բացակայության կամ վերջինիս հետ առնչվելու անհնարինության դեպքում, նոտարը կարող է նոտարական գործողությունների գաղտնիքը պահպանելու պարտականությունից ազատվել դատարանի վճռով:
Այլ հարգելի պատճառների առկայությամբ ևս դատարանը կարող է նոտարին ազատել նոտարական գործողությունների գաղտնիքի պահպանման պարտականությունից:
Նոտարը նոտարական գործողությունների կատարման մասին տեղեկանքներ է տալիս միայն այն ֆիզիկական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ նրանց ներկայացուցիչներին, որոնց դիմումով, համաձայնությամբ կամ որոնց նկատմամբ ինքը կատարել է նոտարական գործողություններ:
Դատախազի կամ դատարանի, կամ քննիչի, կամ հետաքննության մարմնի՝ օրենքի համաձայն տրված գրավոր պահանջով նոտարը նոտարական կամ իր կողմից իրականացվող այլ գործողությունների վերաբերյալ տեղեկանքներ, նոտարական գործից քաղվածքներ, պատճեններ կամ բնօրինակներ է տալիս միայն նախաքննության կամ դատաքննության մեջ գտնվող քրեական և քաղաքացիական գործերի առնչությամբ:
Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին կամ փաստաբանին արգելվում է մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն այլ անձանց, ներառյալ՝ զանգվածային լրատվության միջոցներին, տեղեկատվություն տալ նոտարական գործողությունների մասին, ինչպես նաև այդ տեղեկատվությունը հրապարակել իրենց ելույթներում:
Իրենց իրավասության սահմաններում նոտարական գործողություններին ծանոթանալու իրավունք ունեն նաև օրենքով սահմանված կարգով և պայմաններով նոտարական գործողությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք:
Նոտարը կարող է կտակի կամ դրա բովանդակության մասին օրենքով սահմանված կարգով տեղեկություններ տրամադրել միայն կտակարարի մահից հետո:
Նոտարական գործողությունների գաղտնիությունը չհրապարակելու կանոնները տարածվում են նոտարական գործողություններին օրենքով սահմանված կարգով մասնակցած (վկա, թարգմանիչ և այլն), ինչպես նաև այն անձանց վրա, որոնց այդ տեղեկությունները հայտնի են դարձել իրենց աշխատանքային և ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ:
Աղբյուրը`Իրավաբան.net