Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինն անձին հաշմանդամ է ճանաչում օրենքի պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան՝ ելնելով բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից։
Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ և 3-րդ խումբ), իսկ մինչև 18 տարեկան երեխաներին՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ:
Հաշմանդամության պատճառ կարող են լինել՝
ա) մանկուց հիվանդությունը.
բ) ընդհանուր հիվանդությունը.
գ) աշխատանքային խեղումը կամ վնասվածքը.
դ) մասնագիտական հիվանդությունը.
ե) բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
զ) Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի և այլ ճառագայթային աղետների վերացման աշխատանքների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
է) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
ը) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
թ) զինվորական ծառայության ժամանակ ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
ժ) զինվորական պարտականությունները կատարելիս ստացած հիվանդությունը, խեղումը կամ վնասվածքը.
ժա) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերը։
Աղբյուր՝ Իրավաբան.net