Հարգալից վերաբերմունքը հայրենիքի կամ նրա շահերի պաշտպանության համար զոհվածների նկատմամբ բոլոր քաղաքացիների նվիրական պարտքն է:
Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերն են`
ա) զինվորական շիրիմների պահպանումը և բարեկարգումը, շիրմաքարերի, հուշարձանների, տապանաքարերի, հուշաքարերի ու հուշակոթողների կառուցումը և տեղադրումը.
բ) այն առանձին տարածքների պահպանումն ու բարեկարգումը, որոնք պատմականորեն կապված են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների սխրագործությունների հետ.
գ) հայրենիքի պաշտպանության համար զոհվածների անուն-ազգանունների և այլ տեղեկությունների զետեղումը «Հուշամատյանում».
դ) հիշատակի թանգարանների բացումը, ցուցահանդեսների կազմակերպումը, մարտական գործողությունների վայրերում հուշակոթողների տեղադրումը.
ե) զանգվածային լրատվության միջոցներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների սխրագործություններին նվիրված նյութերի հրապարակումը, արվեստի և գրականության ստեղծագործությունների կերտումը.
զ) բնակավայրերի, փողոցների, հրապարակների, ֆիզիկական-աշխարհագրական օբյեկտների, կազմակերպությունների, այդ թվում` կրթական օջախների և զինվորական մասերի ու ստորաբաժանումների անվանակոչումը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների անուններով.
է) հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրվա ընդունումը:
Աղբյուր՝ Իրավաբան.net