Ամուսնության մասին համատեղ դիմումը` ամուսնացողների ընտրությամբ, տրվում է նրանցից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային մարմին:
Ամուսնության մասին համատեղ դիմումին կից պետք է ներկայացվեն նաև ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները ՔԿԱԳ մարմնում պահպանվում են դիմումի հետ միասին):
Դիմումն ընդունելիս ՔԿԱԳ մարմնի ղեկավարն ամուսնացողներին ծանոթացնում է ամուսնության գրանցման պայմաններին ու կարգին, նրանց պարզաբանում է իրենց իրավունքներն ու պարտականությունները` որպես ապագա ամուսիններ և ծնողներ։
Ամուսնացողները պարտադիր կարգով նախազգուշացվում են ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքները թաքցնելու և ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար պատասխանատվության ենթարկվելու մասին:
Համատեղ երեխաներ ունեցող անձանց ամուսնանալու դեպքում ՔԿԱԳ մարմինը կարող է բացատրել հայրությունը որոշելու կարգը:
Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից, տրված իրավասու մարմինների կողմից։
Նախկինում գրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում նախորդ ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ (ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ և այլն)։
Ամուսնանալ ցանկացող անձանց համաձայնությամբ ՔԿԱԳ մարմինը նշանակում է ամուսնության գրանցման ժամանակը, որի մասին նշում է կատարվում դիմումի վրա, ինչպես նաև դիմումների հաշվառման մատյանում:
Օտարերկրյա քաղաքացիները, օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում ամուսնություն գրանցելիս ներկայացնում են անձնագիրը և տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության (հյուպատոսության) կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք, թույլտվություն, հայտարարություն և այլն)՝ վավերացված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում՝ եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը (փաստաթղթերը) և քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն լեզվով՝ օրենքով սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվության հիման վրա՝ ՔԿԱԳ մարմնում։
Աղբյուրը՝Իրավաբան.net