Քաղաքացիական իրավունքի տեսանկյունից` կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
Ստացվում է` եթե գտել եք մոլորյալ կենդանի, ապա դա գրեթե նույնն է, ինչ եթե գտնեիք ինչ-որ մեկին պատկանող որևէ իր, օրինակ` ոսկյա զարդ:
Առանց հսկողության թողնված կամ մոլորյալ անասուն կամ հսկողությունից դուրս թողնված այլ կենդանիներ գտած և (կամ) պահող անձը պարտավոր է դրանք վերադարձնել սեփականատիրոջը, իսկ եթե կենդանիների սեփականատերը կամ նրա գտնվելու վայրն անհայտ է` հայտնաբերված կենդանիների մասին երեք օրվա ընթացքում հայտնել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին, որը պետք է միջոցներ ձեռնարկի սեփականատիրոջը գտնելու համար
Եթե առանց հսկողության թողնված կենդանիներին պահելու մասին հայտարարության օրվանից վեց ամսվա ընթացքում դրանց սեփականատերը չի հայտնաբերվում կամ դրանց նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտարարում, ապա դրանց նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերում այն անձը, ով պահել և օգտագործել է կենդանիներին:
Այդ անձի կողմից իր մոտ պահվող կենդանիները` որպես սեփականություն, ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում դրանք վերածվում են համայնքի սեփականության և օգտագործվում` տեղական ինքնակառավարման մարմնի սահմանած կարգով:
«Կենդանիների նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելուց հետո` դրանց նախկին սեփականատիրոջ ներկայանալու դեպքում, վերջինս, այդ կենդանիների կողմից իր նկատմամբ կապվածության մասին վկայող հանգամանքների առկայությամբ, իրավունք ունի պահանջել, որպեսզի դրանք իրեն վերադարձվեն նոր սեփականատիրոջ հետ համաձայնությամբ սահմանված պայմաններով, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած պայմաններով»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net