Քարոզչական պաստառներ կարող են փակցվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համաձայնությամբ

Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն հավասար հիմունքներով անարգել տարածելու քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր:

 

Քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն ստորև նախատեսված տեղերում:

 

Արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձևից:

 

Քարոզչական պաստառներ կարող են փակցվել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա կամ դրանց ներսում, եթե այդ տեղերում արգելված չէ պաստառներ փակցնելը:

 

Քարոզչական պաստառներ կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառները միջոցառման ավարտից հետո հանվում են համապատասխան թեկնածուի, կուսակցության կամ կուսակցության դաշինքի կողմից:

 

Քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր:

 

Ընտրություններ նշանակվելուց հետո` 21-օրյա ժամկետում, համայնքի ղեկավարը պարտավոր է ընդունել որոշում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին` սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես): Նշված լիազորությունը համայնքի ղեկավարի համար համարվում է պարտադիր լիազորություն:

 

Քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին որոշումը 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով` որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում:

 

Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական տպագիր նյութի պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկություններ չպարունակող քարոզչական տպագիր նյութեր տարածելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000-500 000 դրամի չափով:

 

Իսկ նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000-100 000 դրամի չափով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել