Դատախազի նկատմամբ կարգապահական տույժերի կիրառման կարգը

Կարգապահական խախտման փաստի առթիվ գլխավոր դատախազի կամ համապատասխան վերադաս դատախազի կողմից դատախազի նկատմամբ հարուցվում է կարգապահական վարույթ:

 

Դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:

 

Դատախազն իրավունք ունի բացատրություն տալու իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ:

 

Կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից հետո` 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան 12 ամիս այն կատարելու օրվանից:

 

Վարույթի տևողությունը չի կարող 3 շաբաթից ավելի լինել, բացառությամբ դատախազի բացակայության դեպքերի: Այդ դեպքերում կարգապահական վարույթի տևողությունը կարող է երկարաձգվել դատախազի բացակայության ժամանակահատվածով:

 

Դիտողություն և նկատողություն կիրառելու դեպքերում կարգապահական տույժը կարգապահական վարույթ հարուցած անձի կողմից նշանակվում է կարգապահական վարույթի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

 

Խխիստ նկատողություն, դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով, պաշտոնի իջեցում, պաշտոնից ազատում կարգապահական տույժերը դատախազների նկատմամբ կիրառելիս, բացառությամբ գլխավոր դատախազի և նրա տեղակալների, կիրառվում են միայն էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա:

 

Այսպես. կարգապահական վարույթի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում, գլխավոր դատախազը հարցը ներկայացնում է էթիկայի հանձնաժողովի քննարկմանը: Էթիկայի հանձնաժողովը կարգապահական խախտման հետ կապված հարցը քննելիս քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված խախտման մեջ դատախազի մեղավորության հարցը, իսկ գլխավոր դատախազի կողմից նման հարցադրման առկայության դեպքում՝ նաև տվյալ իրավիճակում «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու հնարավորության հարցը: Էթիկայի հանձնաժողովի համապատասխան եզրակացության հիման վրա եռօրյա ժամկետում գլխավոր դատախազը նշանակում է կարգապահական տույժը:

 

Կարգապահական տույժի մասին դատախազին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:

 

Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում, անգամ եթե նույն դատախազը կատարել է մի քանի կարգապահական խախտում, դատախազի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:

 

Եթե դատախազը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է տույժ չունեցող:

 

Դատախազն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժը օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել