Ըստ կտակի ժառանգության դեպքում գույքը կարող է կտակվել երկու կամ մի քանի ժառանգների` առանց նշելու նրանցից յուրաքանչյուրի կողմից ժառանգվող կոնկրետ գույքն ու իրավունքները: Ըստ օրենքի ժառանգության դեպքում, եթե գույքն անցնում է երկու կամ ավելի ժառանգների, ժառանգության բացման օրվանից գույքը վերածվում է ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության: Այս պարագայում ժառանգությունն ընդունած ժառանգներից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել ժառանգության բաժանում:
Ժառանգությունը բաժանելու դեպքում ժառանգատուի հետ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունք ունեցող ժառանգն իրեն հասանելիք ժառանգության բաժնի հաշվին այդ գույքն ստանալու նախապատվության իրավունք ունի:
Ժառանգությունը բաժանելու դեպքում ժառանգատուին պատկանող բնակելի տան (բնակարանի) նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող ժառանգն իրեն հասանելիք ժառանգության բաժնի հաշվին այդ տունը (բնակարանը), ինչպես նաև տնային գործածության իրերը և այլ առարկաներն ստանալու նախապատվության իրավունք ունի:
Գույքի և ժառանգության նախապատվության իրավունք ունեցող ժառանգին հասանելիք բաժնի անհամաչափությունը վերացվում է մնացած ժառանգներին ժառանգության զանգվածից այլ գույք կամ փոխհատուցում` ներառյալ համապատասխան դրամական գումար տալու միջոցով:
Ժառանգը կարող է իրականացնել իր նախապատվության իրավունքը միայն մյուս ժառանգներին համապատասխան փոխհատուցում տրամադրելուց հետո, եթե այլ բան սահմանված չէ ժառանգների համաձայնությամբ:
Աղբյուրը`Իրավաբան.net