Ազդանշանները ստորաբաժանվում են երկու խմբի` տեսանելի և ձայնային

Առանց ազդանշանների երթևեկությունը կվերածվի քաոսի:

 

Ազդանշանները ծառայում են երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքի հստակ կազմակերպման համար:

 

Ազդանշանը հրաման է և այն անվերապահորեն պետք է կատարվի: Մետրոպոլիտենի աշխատողները պետք է օգտագործեն բոլոր հնարավոր միջոցները ազդանշանի պահանջները կատարելու համար:

 

Ազդանշանները ստորաբաժանվում են երկու խմբի` տեսանելի և ձայնային:

 

Տեսանելի ազդանշանները արտահայտվում են թվանշաններով ու տառերով, ազդանշանային ցուցմունքների ձևով, թվով, դիրքով և գույնով:

 

Տեսանելի ազդանշաններ տալու համար ծառայում են հետևյալ ազդանշանային սարքերը` լուսացույցները, արագության ավտոմատ կարգավորմամբ (ԱԱԿ) ավտոմատ լոկոմոտիվային ազդանշանման (ԱԼԱ) ցուցիչները, վահանները, լապտերները, ձեռքի սկավառակները, սկավառակները, դրոշները, ազդանշանային ցուցիչները և ազդանշանային նշանները:

 

Տեսանելի ազդանշաններն ըստ իրենց կիրառության ստորաբաժանվում են`

 

ցերեկային` տրվում են վերգետնյա գծերում օրվա լուսավոր ժամերին: Այդպիսի ազդանշաններ տալու համար օգտագործում են վահաններ, սկավառակներ, դրոշներ, ազդանշանային ցուցիչներ (սլաքային, գծային փակոցի),

 

գիշերային` տրվում են թունելներում և օրվա մութ ժամերին վերգետնյա գծերում: Այդպիսի ազդանշաններ տալու համար օգտագործում են ձեռքի և գնացքային լապտերների, ձողերի (եռոտանիների) վրա ամրացված լապտերների և ազդանշանային ցուցիչների սահմանված գույնի լույսերը:

 

Վերգետնյա գծերում գիշերային ազդանշանները պետք է կիրառվեն նաև օրվա ցերեկային ժամերին մառախուղի, փոթորիկի ժամանակ և այլ անբարենպաստ պայմաններում, երբ ցերեկային ազդանշանների տեսանելիությունը 200 մ-ից պակաս է:

 

շուրջօրյա` հավասարապես տրվում են օրվա ցերեկային և գիշերային ժամերին: Այդպիսի ազդանշաններ են հանդիսանում լուսացույցների սահմանված գույների լույսերը, ԱԼԱ-ի ազդանշանային ցուցմունքները, լուսարտացոլիչներով դեղին (հակառակ կողմը` կանաչ) գույնի քառակուսի վահանները, երթուղային և այլ լուսային ցուցիչները և ազդանշանային նշանները:

 

Թունելներում կիրառվում են միայն գիշերային և շուրջօրյա ազդանշանները:

 

Ձայնային ազդանշանները` արտահայտվում են թվով և տարբեր տևողությամբ ձայների զուգորդմամբ: Դրանց նշանակությունը և’ ցերեկը, և’ գիշերը նույնն է:

 

Ձայնային ազդանշաններ տալու համար օգտագործում են էլ. գնացքների, մանևրային շարժակազմերի, տնտեսական գնացքների, լոկոմոտիվների սուլոցները, ձեռքի սուլիչները, շչակները և զանգերը:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել