Ինչպես գիտենք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, պարտադիր ենթակա են պետական գրանցման:
Եթե առկա է իրավունքը հաստատող փաստաթուղթ, սակայն չկա պետական գրանցում, նշված փաստաթուղթը չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք:
Սակայն կան գույքի նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ, որոնք ծագում են օրենքի ուժով` անկախ պետական գրանցումից:
Մասնավորապես, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունեն այլոց պատկանող հողամասերի, դրանցում ամրակայված շենքերի և շինությունների սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ)` էլեկտրակայանքների, օդային գծերի և մալուխների, ենթակայանների և հենասյուների տեղակայման, շահագործման, սպասարկման, դրանց անվտանգության գոտիների և մուտքի իրավունքի համար:
Գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից`
1) մինչև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի ընդունումը` հասարակական կարիքների համար, գծային և ինժեներատրանսպորտային կառույցների (էլեկտրահաղորդակցության, ռադիոհեռախոսակապի, ջրագծերի, ջրանցքների, երկաթգծի, ավտոճանապարհների և այլն), շինությունների սպասարկման և պահպանման նպատակով մուտքի իրավունքը.
2) ամուսինների, երեխաների և խնամքի տակ գտնվող այլ անձանց իրավունքները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, եթե նույնիսկ այդ իրավունքներն առանձին չեն գրանցվել.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, ընդհանուր կանոն և արգելք հանդիսացող սահմանափակումները (առողջապահական, պաշտպանական, շրջակա միջավայրի պահպանման և այլն).
4) մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների օգտին օրենքով սահմանված սերվիտուտը:
Աղբյուրը` Իրավաբան.net