Դատական դպրոց

Դատական դպրոցը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող իրավաբանական անձ է:

 

Դատական դպրոցի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Դատարանների նախագահների խորհրդի:

 

Դատական դպրոցի ունկնդիր են դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք։

 

Դատական դպրոցում ուսուցման ծրագիրը պետք է կառուցվի այնպես, որ նպատակաուղղված լինի անկողմնակալ, իրավասու, գործունակ և արհեստավարժ դատավորների թեկնածուների պատրաստմանը:

 

Դատական դպրոցում ուսուցումն անցկացվում է դասախոսությունների, սեմինարների, ուսումնական դատախաղերի, բանավեճերի, ընդունված դատական ակտերի և դրանց յուրահատկությունների շուրջ հարցերի քննարկման, դատարաններում կոնկրետ գործերին ծանոթանալու, ինչպես նաև ունկնդիրների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսաժապավենների, ձայնագրված դասախոսությունների օգտագործմամբ և կրթական արդի այլ եղանակներով:

 

Ունկնդիրների ուսուցումը Դատական դպրոցում անցկացնում են դասախոսները: Դատական դպրոցի դասախոսները պայմանագրային կարգով հրավիրված մասնագետներ են:

 

Ուսուցումը Դատական դպրոցում ավարտվում է փորձաշրջանով։ Դատական դպրոցում ուսուցումը սկսվում է որակավորման ստուգման արդյունքների ամփոփումից հետո՝ հունվար ամսին, և ավարտվում է նույն տարվա հուլիսի 31-ից ոչ ուշ։

 

Դատական դպրոցում ուսման ավարտմանը հաջորդող ամսվա մեկից Դատական դպրոցն ավարտածները պարտադիր ներգրավվում են աշխատանքի Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում և ստանում են այն պաշտոնին համապատասխանող աշխատավարձ, որին բնորոշ գործառույթներ են իրականացնում։ Դատական դպրոցն ավարտածները կարող են իրենց նախաձեռնությամբ աշխատել որպես դատավորի օգնական՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում աշխատանքի ներգրավվելու փոխարեն։

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել