Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:
Քվեաթերթիկի հատման գիծը պետք է լինի դակված (պերֆորացված): Քվեաթերթիկը պետք է ներառի տպագրատան անվանումը և ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պատրաստվում են անթափանց թղթից:
Քվեաթերթիկի հատման գծից վերև` ելունդի վրա, նշվում է քվեաթերթիկի հերթական համարը: Թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները քվեաթերթիկում նշվում են հատման գծից ներքև` ձախ կողմում այբբենական հերթականությամբ, իսկ աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ` քվեարկողի կողմից նշում կատարելու համար:
Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի նեքևում նշվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
Քվեաթերթիկների տպագրումն ապահովում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկատվության հիման վրա:
Քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեարկության նախորդ օրը ընտրական տեղամասում ընտրողների թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան ընտրողների թվից 2 քվեաթերթիկ ավելին:
Քվեաթերթիկները տպագրելուց հետո թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը քվեաթերթիկներից հանվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։
Քվեարկության ծրարների պատրաստումն ապահովում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվում են առանձին ծրարներ այնպես, որ գույներով ակնհայտորեն տարբերվեն միմյանցից և համապատասխանեն քվեաթերթիկների գույներին:
Քվեարկության ծրարները տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացվում են քվեարկության նախորդ օրը:
Աղբյուրը` Իրավաբան.net