Ապացույցների հետազոտումը վարչական դատարանում

Գործն առաջի ատյանի կարգով քննության նախապատրաստման ավարտից հետո դատարանը ընդունում է գործին մասնակցող անձանց ներկայացրած լրացուցիչ ապացույցները, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է գործի քննության նախապատրաստման ընթացքում այդ ապացույցները ներկայացնելու անհնարինությանը՝ իրենից անկախ պատճառներով:

 

«Ապացույցները հետազոտվում են օրենքով սահմանված կարգին համապատասխան»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:

 

Վերջինիս փոխանցմամբ՝ կողմն ապացույցները ներկայացնում է` նշելով այն փաստը կամ փաստերը, որոնք ապացուցելու համար պետք է ընդունվի և հետազոտվի ապացույցը, սակայն նման փաստեր նշելը չի սահմանափակում այդ ապացույցի ապացուցողական նշանակությունը նաև այլ փաստերի համար:

 

Դատարանի նախաձեռնությամբ ձեռք բերված ապացույցները հրապարակում է դատարանը: Ապացույցն ընդունելու և հետազոտելու դեմ առարկություններ կարող են բերվել տվյալ փաստի ապացուցման համար խնդրո առարկա ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով: Առարկության դեպքում դատարանն ապացույցի ընդունելիության հարցը որոշում է անմիջապես՝ անհրաժեշտության դեպքում լսելով կողմերի կարծիքն առարկության վերաբերյալ: Անհնարինության դեպքում դատարանը կարող է ավելի ուշ անդրադառնալ այդ հարցի լուծմանը: Վարչական դատարանը կարող է իր նախաձեռնությամբ մերժել ապացույցի ընդունումը և հետազոտումը` ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով՝ լսելով կողմերի կարծիքը:

 

Աղբյուրը՝Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել