Մաքսային հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից ստուգելու պարտականությունը

ՀՀ մաքսային օրենսգրքի 134 հոդվածի 1-ն կետի համաձայն` հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին: Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, ինչի կապակցությամբ մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի վրա նշում է գրանցման հերթական համարը և գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին:

 

Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունում է մաքսային մարմինը, ինչի կապացությամբ վերջինս մաքսային հայտարարագրի վրա նշում է ընդունման հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարին:

 

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մաքսային հայտարարագիրն ընդունելուց առաջ մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է`

 

ա/ ստուգել մաքսային հայտարարագրի լրացման կարգի պահպանման ճշտությունը

 

բ/ հայտարարատուին զգուշացնել ոչ ճիշտ հայտարարագրման համար նախատեսված պատասխանատվության մասին

 

գ/ ճշտել հայտարարագրված տեղեկությունների արժանահավատությունը

 

դ/ սույն կետի ՙա՚ և ՙգ՚ ենթակետերում նշված գործողությունների հետևանքով անճշտությունների հայտնաբերման դեպքում հայտարարատուին առաջարկել ներկայացնել նոր հայտարարագիր` կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

 

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` մաքսային հայտարարագրի ընդունման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ:

 

Վերոնշյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, տեղափոխվող ապրանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ նշելու հայտարարատուի պարտականություն սահմանելու հետ մեկտեղ, սահմանել է նաև մաքսային մարմնի պարտականությունը` ճշտել հայտարարագրված տեղեկությունների արժանահավատությունը և անճշտությունների հայտնաբերման դեպքում հայտարարատուին առաջարկել ներկայացնել նոր հայտարարագիր` կատարելով դրանում համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

 

«Անհրաժեշտ եմ համարում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մաքսային հայտարարագրի ընդունման պահից է միայն այն համարվում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ, որտեղից հետևում է, որ քանի դեռ մաքսային մարմինը չի կատարել ՀՀ մաքսային օրենսգրքի 134-րդ հոդվածով նախատեսված իր պարտականությունները և սահմանված կարգով չի ընդունել մաքսային հայտարարագիրը, այն չի համարվում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ, հետևաբար և դրանում արտացոլված տեղեկությունները չեն կարող առաջացնել իրավաբանական հետևանքներ»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Գեղամ Այվազյանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել