Ապահովագրավճարները պետք է լինեն հիմնավորված

ԱՊՊԱ(ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) ոլորտում կիրառվող ապահովագրավճարները պետք է լինեն հիմնավորված, ոչ խտրական և իրենց հաշվարկման հիմքում ներառեն ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագրում նշված ապահովագրական գումարի ապահովման համար անհրաժեշտ իրատեսական ծախսերի և ողջամիտ շահույթի հաշվարկը, ինչպես նաև Բոնուս-Մալուս գործակիցները:

 

Խտրականության արգելքին վերաբերող դրույթը չի կարող սահմանափակել ապահովագրական ընկերության իրավունքը` սահմանելու համար տարբերակված ապահովագրավճարներ` հիմնվելով ապահովադիրների, ապահովագրված անձանց և (կամ) ապահովագրվող ավտոտրանսպորտային միջոցների ռիսկայնության վրա: Կենտրոնական բանկը և Բյուրոն պարբերաբար իրականացնում են ապահովագրական ընկերությունների հաշվարկած ապահովագրավճարների` օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանության ստուգումներ:

 

ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը մեկ ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված մեկ ապահովագրական պատահարի համար չպետք է պակաս լինի՝

 

1) անձնական վնասների համար՝ 3 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր տուժողի, և 9 000 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի.

 

2) գույքին պատճառված վնասների համար՝ 1 500 000 Հայաստանի Հանրապետության դրամ գումարից՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի: Եթե սույն օրենքի համաձայն` հատուցման ենթակա գույքին պատճառված վնասներ են կրել մեկից ավելի անձինք, և այդ վնասների ընդհանուր գումարը գերազանցում է ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարը, ապա այդ անձանցից յուրաքանչյուրին ապահովագրական հատուցումները վճարվում են վնասների ընդհանուր գումարում նրանց գույքին պատճառված վնասների չափերին համամասնորեն` ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի սահմանված ապահովագրական գումարի սահմաններում:
Ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգերը սահմանվում են օրենքով և

 

ԱՊՊԱ պայմանագրով:

 

Արգելվում է ապահովագրական հատուցման վճարումը մերժել այն հիմքով, որ տուժողը տեղյակ է եղել կամ կարող էր տեղյակ լինել այն մասին, որ ապահովագրական պատահարի պահին վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վարորդը եղել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո:

 

Ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը մերժելու մասին որոշումը պետք է լինի հիմնավորված (պատճառաբանված):

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել