Ինչպես գիտենք, դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:
Գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանը կարող է վերացնել հայցի ապահովումը:
Ի՞նչ կարգով է քննարկվում հայցի ապահովման միջոցը վերացնելու հարցը:
Հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար:
Հայցի ապահովման վերացման հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:
Եթե հայցի ապահովման միջոցը չի վերացվում մինչև վճիռ կայացնելը, ապա հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը:
Աղբյուրը` Իրավաբան.net