Պաշտպանը բոլոր գործարարներին հրավիրում է քննարկման

Օրեր առաջ ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության հարկային ոլորտի մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 16 օրենքների նախագծերը, որոնք անդրադառնում են այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են ավելացված արժեքի հարկի գծով հար­կա­յին հարաբերությունները, որոշ ապրանքների ակցիզային հարկի հաշվարկումն ու վճարումը, նոր եկամտային հարկային համակարգի ներդրումը, սուբյեկտների համար հարկման համակարգի փոփոխությունը և այլ խնդիրներ: Հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

 

2011 թվականի իր տարեկան զեկույցում Պաշտպանն արդեն անդրադարձել է հարկային ոլորտում կատարված հապճեպ և ոչ բավարար հանրային քննարկումներով կատարված օրենսդրական փոփոխություններին, որոնք լուրջ խնդիրներ էին առաջացրել տնտեսվարողների համար։

 

Հետագայում թերի օրենքներից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքների փաթեթը վերաբերում է անձանց սոցիալ-տնտեսական իրավունքներին՝ Պաշտպան Կարեն Անդրեասյանը առաջարկում է բոլոր գործարարներին, անհատ ձեռներեցներին և այլ շահագրգիռ անձանց նշված օրենսդրական փոփոխությունների և լրացումների վերաբերյալ իրենց դիտողությունները և/կամ առաջարկությունները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանին [email protected] հասցեով:

 

Օրենսդրական փոփոխությունների փաթեթին կարող եք ծանոթանալ նաև Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջում` https://www.ombuds.am/library/browse/page/392:

 

Աղբյուրը` Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել