Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելը

Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումի հիման վրա:

Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա:

Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է քաղաքացու բնակության վայրի` ընդհանուր իրավասության դատարան, իսկ եթե անձը բուժվում է հոգեբուժական հաստատությունում` նաև դրա գտնվելու վայրի դատարան:

 

Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են քաղաքացու հոգեկան խանգարման մասին, և որոնց հետևանքով նա չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:

 

Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են, որ ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահող, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվող անձն իր ընտանիքը դրել է նյութական ծանր կացության մեջ:

 

Քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատավորը, նրա հոգեկան վիճակը պարզելու համար, նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն: Դատահոգեբուժական փորձաքննության անցկացումից այն անձի ակնհայտ խուսափելու դեպքում, որի նկատմամբ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործ է հարուցվել, դատարանը որոշում է կայացնում քաղաքացուն հարկադիր կարգով դատահոգեբուժական փորձաքննության ուղարկելու մասին:

 

Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Քաղաքացին կարող է կանչվել դատական նիստի, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը:

 

Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է այդ քաղաքացու և խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

 

Դիմողն ազատվում է քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից:

 

Դատարանը, պարզելով, որ դիմում տված ընտանիքի անդամները վարվել են անբարեխիղճ` ակնհայտորեն նպատակ ունենալով քաղաքացուն անհիմն զրկել գործունակությունից կամ սահմանափակել նրա գործունակությունը, դատական ծախսերը բռնագանձում է նրանցից:

 

Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմինը նշանակում է խնամակալ կամ հոգաբարձու:

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը` խնամակալի, հոգաբարձուի, ընտանիքի անդամի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումով, դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա, վճիռ է կայացնում ապաքինվածին գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացնելու մասին մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված խնամակալությունը կամ հոգաբարձությունը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել