Բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է Ընկերության հիմնադիր ժողովի որոշմամբ:
Ընկերությունը կարող է ստեղծվել մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` մեկ բաժնետիրոջ կողմից Ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում, ինչի մասին տեղեկությունները պետք է պարունակվեն Ընկերության կանոնադրությունում, գրանցվեն և հրապարակվեն: Մեկ անձի կողմից Ընկերության հիմնադրման դեպքում հիմնադրման մասին որոշումը (գրավոր) կայացնում է այդ անձը` միանձնյա:
Ընկերության հիմնադիրները կնքում են Ընկերության ստեղծման մասին գրավոր պայմանագիր, որը բովանդակում է`
ա) տեղեկություններ հիմնադիրների մասին`
– ֆիզիկական անձանց համար` անունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը և կապի այլ միջոցները,
– իրավաբանական անձանց համար` լրիվ ֆիրմային անվանումը, պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային հասցեն), ղեկավարի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, հեռախոսահամարը և կապի այլ միջոցները.
բ) Ընկերության ստեղծման կապակցությամբ հիմնադիրների համատեղ գործունեության կարգը.
գ) Ընկերության կանոնադրական կապիտալի չափը.
դ) հիմնադիրների միջև տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի տեսակներն ու դասերը, դրանց վճարման չափը և կարգը.
ե) յուրաքանչյուր հիմնադրի կողմից ձեռք բերվող բաժնետոմսերի քանակը.
զ) Ընկերության ստեղծման հետ կապված հիմնադիրների իրավունքներն ու պարտականությունները.
է) մինչև Ընկերության հիմնադիր ժողովի անցկացումը հիմնադիրներին ներկայացնելու համար լիազորված ֆիզիկական անձի անունը.
ը) Ընկերությունը չկայացած համարվելու կամ նրա հիմնադիր ժողովի կողմից հիմնադիրների գործունեությանը հավանություն չտալու դեպքում` Ընկերության ստեղծման գործընթացում հիմնադիրների գործունեության հետևանքով ծագած պարտավորությունների նկատմամբ պատասխանատվության բաշխումն ըստ հիմնադիրների.
թ) Ընկերությունը չկայացած համարվելու կամ նրա հիմնադիր ժողովի կողմից հիմնադիրների գործունեությանը հավանություն չտալու դեպքում` հիմնադիրներին բաժնետոմսերի դիմաց իրենց կատարված վճարների վերադարձման կարգը:
Ընկերության ստեղծման մասին պայմանագիրը հիմնադիր փաստաթուղթ չէ:
Ընկերության հիմնադրման ժամանակ նրա բոլոր բաժնետոմսերը պետք է տեղաբաշխվեն հիմնադիրների միջև:
Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին պատկանող բաժնետոմսերով Ընկերության հիմնադրումն իրականացվում է Կառավարության որոշմամբ կամ համայնքի ղեկավարի որոշմամբ` ավագանու համաձայնությամբ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net