Մեկ անգամ արդեն խոսել ենք այն կազմակերպությունների մասին, որոնք կարող են ընտրությունների ժամանակ իրականացնել դիտորդական առաքելություն: Այժմ խոսենք դրանց հավատարմագրման մասին, քանի որ դա դիտորդական առաքելություն իրականացնելու պարտադիր նախապայմանն է: Մասնավորապես` համապատասխան կազմակերպությունների դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:
Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդներին տրվող վկայականներն այդ կազմակերպություններին հանձնում է դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն բավարարում Ընտրական օրենսգրքի պահանջներին, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին:
Դիտորդի կողմից որևէ թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքի աջակցելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան կազմակերպությանը զրկելու դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:
Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում դիտորդների լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն չի նշանակվել: Վերաքվեարկության դեպքում դիտորդների վերագրանցում չի պահանջվում:
Դիտորդների հավատարմագրման կարգը, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Աղբյուրը` Իրավաբան.net