Հասարակական կազմակերպությունները, իրավունքներից զատ, ունեն նաև պարտականություններ, որոնք ևս ուղղված են նրանց գործունեությունը կանոնակարգելու, վերահսկելի դարձնելու և օրինականությունն ապահովելու նպատակին:
Եվ այսպես` հասարակական կազմակերպությունը պարտավոր է`
1) ցանկացած ֆիզիկական անձի պահանջով` ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 7 օրացուցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը.
2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.
3) վարել իր անդամների հաշվառումը.
4) իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը.
5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.
6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել կազմակերպության բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճենները, կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմնի ներկայացուցիչներին` ներկա գտնվելու կազմակերպության ժողովին.
7) առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո` մեկամսյա ժամկետում, դիմել պետական ռեգիստր` սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար.
8) առանց լիազորագրի կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում, պետական ռեգիստր ուղարկել այդ անձի անձնագրային տվյալները և (կամ) կազմակերպության գտնվելու վայրի նոր հասցեի մասին տեղեկությունները:
Օրենքով կարող են նախատեսվել կազմակերպության նաև այլ պարտականություններ:
Անօրինական գործունեություն ծավալելու համար կազմակերպությունը և նրա պաշտոնատար անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Աղբյուրը` Իրավաբան.net