Հայաստանում իր հետ տեղի ունեցած խոշոր թալանի մանրամասները բացահայտելու համար ամենատարբեր պետական ատյանների աջակցությանը դիմող ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը օրեր առաջ նամակ էր ուղղել նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:
Թեմայի վերաբերյալ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնության հարցմանն ի պատասխան նշել է հետևյալը. «Էդմոնդ Խուդյանի նամակում նշված՝ Վլադիսլավ և Էդուարդ Մանգասարյանների, Աշխարհաբեկ Քալանթարի և Արտաշես Խաչատրյանի միջև տեղի ունեցած «միջադեպի» վերաբերյալ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 13.11.2012 թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածով եւ 137 հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը շարունակվում է:
Նամակագրի նշած «Արին Կապիտալ» ՍՊԸ¬ի «թալանի» հետ կապված գործը գտնվում է ՊԵԿ նախաքննական վարույթում, և ոստիկանությունն այդ գործի նկատմամբ որևէ լիազորություն չունի:
Նամակագրի դժգոհությունը «Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ իրականացված խարդախության փաստով հարուցված քրեական գործի» վերաբերյալ, մեղմ ասած տեղին չէ: Ավելին, ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հարուցված քրեական գործի քննությունը կատարվում է քրեադատավարական բոլոր նորմերին համապատասխան ու դեռևս ընթացքի մեջ է»:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը նամակով դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, որում մասնավորապես նշվում էր. «Այսօր առավոտյան ինձ հայտնի դարձավ Վլադիսլավ և Էդուարդ Մանգասարյանների, Աշխարբեկ Քալանթարի ու Արտաշես Խ. միջադեպի մասին: Ցավում եմ դեպքի համար և ուրախ եմ որ այն ողբերգությամբ չի ավարտվել:
Հարկ եմ համարում ձեզ հայտնելու, որ Վլադիսլավ Մանգասարյանը մասնակից է կազմակերպված հանցավոր մի խմբի, ում հաջողվել է իմ հիմնադրած Արին Կապիտալ և Ներդրումային ՍՊԸ ընկերությունից $8,500,000 թալանել: Այդ խմբի մասնակիցները մի քանիսն են, դրանցից մեկը նաև իր որդին է, Էդուարդ Մանգասարյանը: Տվյալ խումբը հանցավոր համաձայնության գալով թալանել են իմ ընկերությունը` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի միջոցով միլիոնավոր դոլարների կեղծ փոխառություններով ծանրաբեռնել իմ ընկերությունը, ապա կեղծ սնանկության տանելով զավթել ընկերության տարածքները: Աշխարբեկ Քալանթարը հանդիսանում է «ՎՄԳ գրուպ» ընկերության 40% բաժնեմասի սեփականատերը:
Դեռևս անցյալ տարվա մարտին պաշտոնական նամակներով դիմումներ եմ ներկայացրել ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին և ոստիկանապետին այն մասին որ իմ ընկերությունը թալանվում է, սակայն առ այսօր համապատասխան միջոցներ ձեռք չի առնվել: Վլադիսլավ Մանգասարյանի և նրա եղբայր Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ իրականացված խարդախության փաստով հարուցվել է մեկ այլ քրեական գործ: ԱՄՆ-ից ժամանել եմ Հայաստան և այդ գործով ցուցմունք եմ տվել, սակայն այդ գործը կենտրոնի ոստիկանության քննիչ Կամո Ներսիսյանի մոտ քնել է: Իսկ եթե ոստիկանությունը իր աշխատանքը կատարեր ինչպես հարկն է, ապա Մանգասարյանները արդեն պատասխանատվության ենթարկված կլինեին և այս դեպքը տեղի չէր ունենա, որը կարծում եմ դեռևս շարունակվելու է, քանի որ Վ. Մանգասարյանը շատերին է խաբել: Նրանց վեճի մանրամասնությանը ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ այն թալանած գումարները բաժանելու անհամաձայնության պատճառն է:
Ցավում եմ որ ոստիկանության բարեփոխումներն այնքան էլ նկատելի չեն, գոնե իմ գործով: Հովանավորչության ու անպատժելիության պայմաններում ուղղակի իր պաշտպանության տակ են Մանգասարյանները, քանի որ նրանց կապերը «վերևներն» են տանում»:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնության մամուլի հաղորդագրություն
Աղբյուրը` Իրավաբան.net