Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերով նախատեսվում է նաև աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելիս աշխատավարձի մասնակի փոխհատուցումը գործատուին:
Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետով է այն իրականացվում:
«Աշխատավարձի փոխհատուցումը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար: Ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով աշխատած օրերի թվով: Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ անձանց ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար փոխհատուցում չի տրամադրվում»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից սահմանված աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսականաշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իսկ անմրցունակ այլ անձանց` մեկ տարի ժամկետով:
Աշխատանքի տեղավորված անմրցունակ անձի աշխատավարձի փոխհատուցման գումարը յուրաքանչյուր ամիս` վճարման հանձնարարականով, փոխանցվում է գործատուի բանկային հաշվի համարին:
Ե՞րբ է դադարեցվում փոխհատուցման տրամադրումը:
«Աշխատավարձի փոխհատուցումը դադարեցվում է`
ա) աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում.
բ) փոխհատուցման ծրագրի ժամկետը լրանալու դեպքում:
Գործատուի լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքերում պայմանագիրը ժամկետից շուտ լուծելիս նույն անձի համար կարող է կնքվել նոր պայմանագիր այլ գործատուի հետ՝ նախորդ պայմանագրով չիրացված ժամկետով»,-նշում է իրավաբանը:
Աղբյուրը` Իրավաբան.net