Եթե Ձեր չվերթն ուշացել է

Հաճախ է պատահում, որ չվերթներն ուշանում են ուղևորի փոխադրման տոմսով նախատեսված ժամից, և ուղևորները ստիպված են լինում սպասել օդանավակայանում:

 

Ինչ պատասխանատվություն է կրում փոխադրողն այս դեպքում:

 

Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր օգտվում են օդային փոխադրումներից և ստիպված են լինում հաճախ սպասել օդանավակայանում` փոխադրողը պարտավոր է իր կողմից իրականացվող չվերթի՝ ուղևորի փոխադրման տոմսով նախատեսված ժամից ուշացման դեպքում հոգալ ուղևորների կարիքները սկսած`

 

1) 2 ժամից` սնունդով.

 

2) 4 ժամից` հաղորդակցության միջոցներով և հնարավորություններով.

 

3) 8 ժամից` կացարանով:

 

Փոխադրողը պատասխանատու է ուղևորների, գրանցված ուղեբեռի կամ բեռի օդային փոխադրման ցանկացած ուշացմամբ պայմանավորված վնասի համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Երբ փոխադրողը պատասխանատվություն չի կրում:

 

Փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ ինքը և իր գործակալները վնասից խուսափելու նպատակով ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները, կամ որ անհնար էր իր կամ գործակալի կողմից ձեռնարկել նման միջոցներ:

 

Փոխադրողը կարող է պատասխանատվություն չկրել, կամ նրա պատասխանատվության չափը կարող է սահմանափակվել, եթե ապացուցվում է, որ վնաս կրած անձն իր անփութությամբ նպաստել է դրան:

 

«Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» կոնվենցիան (ստորագրվել է Ստրասբուրգ քաղաքում 28.05.1999թ., վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից) ևս սահմանում է, որ անձանց փոխադրելիս ուշացման հետևանքով պատճառված վնասի դեպքում յուրաքանչյուր ուղևորի նկատմամբ փոխադրողի պատասխանատվությունը սահմանափակվում է փոխառության 4150 հատուկ իրավունքների հանրագումարով:

 

Հ.Գ. Կոնվենցիայի փոխառության հատուկ իրավունքում նշված գումարները դիտարկվում են որպես փոխառության հատուկ իրավունքին վերաբերող` ինչպես դրանք սահմանված են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: Վարույթների դեպքում այդ գումարների փոխարկումը ազգային արժույթների կատարվում է փոխառության հատուկ իրավունքում այդպիսի արժույթների արժեքին համապատասխան՝ վճիռ կայացնելու օրը։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել