Քրեական գործի նյութերով նոր գործ հարուցելը

Երբեմն պատահում է, որ քրեական գործ քննելու ընթացքում այդ գործի նյութերի հիման վրա բացահայտվում է մեկ այլ հանցագործություն, և անհրաժեշտություն է առաջանում հարուցել մեկ այլ քրեական գործ:

 

Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրեական գործի նյութերով կայացնում են որոշում նոր գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, իսկ դատարանը նման որոշում կայացնելու միջնորդությամբ դիմում է դատախազին, եթե մեղադրյալին վերագրվող հանցագործություններից բացի բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարել է այլ անձ` առանց մեղադրյալի մասնակցության:

 

Որոշման մեջ պետք է նշվեն` գործի հարուցման և անջատման հիմքերը, դրվագները և անձինք, քրեական օրենքի այն հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որի հատկանիշներով գործ է հարուցված և անջատված է առանձին վարույթում, անջատված գործը նախաքննության ուղարկելու կամ գործն իր վարույթն ընդունելու մասին որոշումը:

 

Որոշման մեջ ընդգրկվում կամ պատճեններով կամ բնօրինակներով նրան կցվում է անջատվող նյութերի` որոշումների, արձանագրությունների, փաստաթղթերի, իրեղեն ապացույցների ցանկը:

 

Որոշման և անջատվող նյութերի` նրան կցվող ցանկի առաջին օրինակն ընդգրկվում է սկզբնական գործի, իսկ երկրորդ օրինակը` անջատվող գործի մեջ:

 

Նոր գործի անջատման և հետագա ընթացքի մասին տեղյակ է պահվում մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին և պաշտպանին, ինչպես նաև տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին և նրանց ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են սկզբնական գործի վարույթին:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել