Հաճախ է պատահում, որ քաղաքացին մահանում է և չի հասցնում ստանալ թոշակի, աշխատավարձի, կամ այլ վճարման ենթակա գումար:
Ենթակա է արդյոք այդ գումարը վճարման և եթե այո, ապա` ում:
«Վճարման ենթակա, սակայն քաղաքացու կյանքի օրոք որևէ պատճառով չվճարված` աշխատավարձի, թոշակների, նպաստների և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարներն ստանալու իրավունքը պատկանում է մահացածի ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձանց»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` վերը նշված գումարները վճարելու վերաբերյալ պահանջները պետք է ներկայացվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Մահացածին չվճարված գումարները դրանք ստանալու իրավունք ունեցող անձանց բացակայության կամ նրանց կողմից այդ գումարները սահմանված ժամկետում վճարելու պահանջ չներկայացնելու դեպքում համապատասխան գումարները ներառվում են ժառանգության զանգվածի մեջ և ժառանգվում են օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով:
Աղբյուրը` Իրավաբան.net