Բոլոր վարորդներին էլ, երևի, հետաքրքիր է` երբ է ուժը կորցնում անձի վարորդական իրավունքի վկայականը կամ երբ է դադարում դրա գործողության ժամկետը:
Թվարկենք այդ հիմքերը:
Անձի վարորդական վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե`
ա) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը.
բ) առկա է նրա հոգեկան հիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացությունը.
գ) նա մահացել է.
դ) լրացել է վարորդական իրավունքի գործողության ժամկետը.
ե) վարորդական վկայականը կորել է, և դրա տերը դիմել է` սահմանված կարգով նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:
Վարորդական վկայականի գործողությունը դադարում է օրենքով սահմանված կարգով վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի կամ իրավասու այլ մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ մինչև դրանում սահմանված ժամկետի ավարտը:
Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված վարորդական իրավունքի վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:
Օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձվում են զրկման ժամկետը լրանալուց կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:
Աղբյուրը` Իրավաբան.net