2012թ. նոյեմբերի 18-ին` ժամը 22:45-ին, Լոռու մարզի Շահումյան համայնքում գործող «Մուշ» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ս. Շարբաթյանի դին` բռնության հետքերով: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ըստ դատաբժիշկների եզրակացության` Ս. Շարբաթյանի մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի ֆունկցիայի խանգարումը: Հայտնում են դատախազությունից:
Նկատի ունենալով, որ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել են իրարամերժ ու որոշ դեպքերում` ոչ հավաստի տեղեկություններ եւ միաժամանակ կարևորելով հանրության` ստուգված տեղեկություններ ստանալու իրավունքը` ներկայացնում ենք որոշ տեղեկություններ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների մասին այն ծավալով, որքանով դրանց հրապարակումը չի խոչընդոտի նախաքննության հետագա ընթացքին:
Մասնավորապես` դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության տվյալներով, դատաբժշկական փորձաքննությամբ եւ ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ 2012թ. նոյեմբերի 18-ին երեկոյան Ս. Շարբաթյանը «Մուշ» ռեստորան է հրավիրել Վանաձոր քաղաքի բնակիչ Արտակ Վերանյանին եւ իր քրոջ որդի Հ. Ասլիկյանին` նպատակ ունենալով Արտակ Վերանյանից պահանջելու, որպեսզի վերջինս չհետապնդի իր քրոջ դստերը:
Համաձայն պայմանավորվածության` նշված ժամին ռեստորան են գնացել Հ. Ասլիկյանը եւ Արտակ Վերանյանը` վերջինիս եղբայր Արեն Վերանյանի եւ ընկերոջ` Ս. Դիլոյանի հետ: Ժամը 22:00-ի սահմաններում վերոնշյալ հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, որը վեր է ածվել ծեծկռտուքի` արդեն ռեստորանի բակում: Արդյունքում` Ս. Շարբաթյանը դեմքին եւ քթի շրջանում մեկ հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի ֆունկցիաների խանգարման: Վնասվածքն ստանալուց հետո Ս. Շարբաթյանը տեղափոխվել է ռեստորանի առանձնասենյակ, որտեղ եւ գիտակցության չգալով` մահացել է:
Բացի այդ, փորձաքննության համաձայն` Ս. Շարբաթյանի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են օդամղիչ ատրճանակից արձակված գնդակներից առաջացած թվով 5 կապտուկների տեսքով չթափանցող վնասվածքներ, որոնք մահվան պատճառի հետ կապված չեն:
Նշենք, որ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությունները, թե Ս. Շարբաթյանի նկատմամբ բռնությունը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ եւ որ նրա մահվան պատճառը սուր կտրող-ծակող գործիքի կամ հրազենի գործադրումն է, իրականությանը չեն համապատասխանում: Նախաքննությամբ նման տվյալներ ձեռք չեն բերվել:
2012թ. նոյեմբերի 19-ին`ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին կամովին ներկայացել է Արտակ Վերանյանը, ներկայացրել օդամղիչ ատրճանակ եւ հայտնել, թե Ս. Շարբաթյանի հետ վիճաբանել է ինքը եւ ինքն է բռունցքով հարվածել նրա դեմքին:
Կատարվում են քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները լիարժեք պարզաբանելու, Արտակ Վերանյանի ցուցմունքը ստուգելու ուղղությամբ, պարզելու, թե ում է պատկանում օդամղիչ ատրճանակը եւ ով է այն օգտագործել վիճաբանության ժամանակ, ինչպես նաեւ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` Արեն Վերանյանին եւ Ս. Դիլոյանին հայտնաբերելու եւ ոստիկանություն բերման ենթարկելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net