«Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամ»-ը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ, նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրանքով, որ վերջինս ցուցաբերի պետական հոգածություն և աջակցություն` ընտանեկան բռնության զոհերի համար պետական հովանավորությամբ ապաստարան ունենալու համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության հիմնախնդիրն ունի մեծ արդիականություն մեր հասարակությունում և հիմնախնդրի հաղթահարման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում և համատեղ ջանքեր: Հայտնում է «Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամ»-ը:
«Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամ»-ը 1999 թվականից ի վեր իրականացրել և ֆինանսավորել է բազմաթիվ տարաբնույթ սոցիալական ծրագրեր` նախատեսված անապահով ընտանիքների, կանանց իրավունքների պաշտպանության, գենդերային հիմնահարցերի, բնապահպանական և այլ հասարակական մեծ կարևորություն ունեցող խնդիրների լուծման համար:
2010 թվականից գործում է «Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամ»-ի «Կանանց աջակցման կենտրոն» ծրագիրը, որը զբաղվում է բռնության ենթարկված կանանց հիմնախնդիրներով: Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվում է իրավաբանական, հոգեբանական աջակցություն, խորհրդատվություն, սոցիալական ծառայություններ: Ծրագրին կից գործում է նաև ապաստարան, որը նախատեսված է ընտանեկան բռնության հրատապ դեպքերի համար, երբ վտանգված է շահառուի, իր երեխաների կյանքը և կա գաղտնի կացարանի ապահովման խնդիր:
Աղբյուրը` Իրավաբան.net